Վռամշապուհ

 ՎՌԱՄՇԱՊՈՒՀ,  (ծ. թ. անհտ– 414), Հայոց Արշակունի թագավոր 389-ից: Հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ-ին, որին Պարսից արքունիքը գահազրկել և բանտարկել էր Անհուշ բերդում՝ Մեծ Հայքը վերամիավորելու և ինքնուրույն քաղաքականություն վարելու մեղադրանքով: Հետևելով Հռոմեական կայսրության օրինակին՝ Սասանյան Պարսկաստանը նույնպես փորձել է իր ազդեցության ոլորտում գտնվող Արլ. Հայաստանում վերացնել Արշակունյաց թագավորությունը: Սակայն հանդիպելով հայ ազնվականության հուժկու դիմադրությանը՝ Պարսից արքա Վռամ կամ Վահրամ IV Կրմանը (388–399) հարկադրված Մեծ Հայքի թագավոր է ճանաչել Խոսրով Գ-ի կրտսեր եղբայր Վաղարշին, որի «հավատարմությունը շահելու» սնոտի հավատով՝ նրան տվել է «Վռամշապուհ» անունը (իր և հոր՝ Շապուհ IV-ի անուններով):

Վռամշապուհը  բարեկամական և շահավետ հարաբերություններ է հաստատել թե՛ Սասանյան Իրանի և թե՛ Հռոմեական կայսրության արքունիքների հետ, վարել խաղաղ և ողջամիտ քաղաքականություն:

Վռամշապուհի հոգածությանբ Հայոց կաթողիկոսական Աթոռին վերահաստատվել է Սահակ Ա Պարթևը, իսկ նրա տեղապահ ընտրվել Մեսրոպ Մաշտոցը: Կառավարման նվիրապետական համակարգում՝ «Գահնամակում»,  Վռամշապուհը  նորովի է կարգավորել և Պարսից արքունիքի միջոցով վավերացրել հայ նախարարական տոհմերի տեղերն ու պաշտոնները: Սահակ Ա Պարթևի խնդրանքով Մամիկոնյան տոհմին հատկացրել է պատվավոր 5-րդ «գահը» իսկ նրա փեսա Համազասպ Մամիկոնյանին կարգել Հայոց սպարապետ: 398-ին Հայոց թագավորը մեկնել է Միջագետք և իր հեղինակավոր միջնորդությամբ կանխել պարսկա-բյուզանդական թշնամանքն ու զորաբախումները:

Վռամշապուհը նախքան Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի՝ հայոց նոր գրերի ստեղծմանն աջակցելու հարցով իրեն դիմելը, ելնելով երկրի պետական գործերը մայրենի լեզվով վարելու անհրաժեշտությունից, ուղիներ է փնտրել հայերեն նշանագրեր ունենալու համար: Միջագետքում եղած ժամանակ տեղեկացել է ասորի եպիսկոպոս Դանիելի մոտ դեռևս պահպանված հայկական հին (նախաքրիստոնեական) նշանագրերի մասին:

Վռամշապուհը և նրա շուրջը համախմբված պետ. գործիչներն ու մտավորականներն իրենց նախորդների՝ շուրջ մեկդարյա փորձով համոզվել էին, որ օտարերկրյա դպրոցներով և «մուրացածո» լեզուներով (հունարեն, ասորերեն, պարսկերեն) անհնար է զարգացնել ազգային կրթությունը, գիտությունը և մշակույթը: Արքունի դպրապետ Վահրիճ Խադունու միջոցով Վռամշապուհը Եդեսիայից բերել և Սահակ Ա Պարթևին է հանձնել հայոց լեզվի «վաղնջուց գրեալ»  նշանագրերը, որոնցով Մեսրոպ Մաշտոցը երկու տարի դասավանդել է նորաբաց հայկ. դպրոցներում: Համոզվելով, որ այդ նշանագրերը պակասավոր են (ըստ Մովսես Խորենացու՝ ձայնավոր հնչյունները), Վռամշապուհի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Ա Պարթևը լրացրել և կատարելագործել են դրանք, կարգավորել «հունարեն ալփաբետի նմանությամբ»,  ապա հանձնարարել ընդհանուր գործածության: Իր 25-ամյա խաղաղ գահակալման ընթացքում Վռամշապուը մեծապես նպաստել է Հայաստանի բարգավաճմանը, մասնավորապես՝ ազգային  կրթության վերազարթոնքին և մշակութային կյանքի բուռն վերելքին, որոնցով սկզբնավորվել է Հայոց ոսկեդարը: Վախճանվել է ծեր հասակում և, հավանաբար, թաղվել Արշակունի թագավորների նոր դամբարան Աղցում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s