Վարդանանց պատերազմ

Կրոնափոխության առաջարկը: Արտաշատի ժողովը

Պարսից արքունիքի վարած քաղաքականության հետևանքով հայոց մարզպանությունը կորցնում էր իր ներքին ինքնավարությունը՝ նմանվելով պարսկական սովորական նահանգի: Դրա հետևանքով հայ բնակչության բոլոր խավերի շրջանում ուժեղացան հակապարսկական տրամադրությունները: Դրությունն առավել շիկացավ, երբ պարսիկները փորձեցին դիպչել հայերի ազգային հավատին:

449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծերին»: Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել պարսից պաշտոնական կրոնը՝ զրադաշտականությունը: Պարսից արքունիքը չէր թաքցնում, որ իր բուն նպատակը Հայաստանն ու հարևան երկրները վերջնականապես իրեն ենթարկելն է: Պարսիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները: 

Հայոց մարզպանը, հայ հոգևոր առաջնորդները և նախարարները, այդ թվում` կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցին Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»,- գրում էին նրանք: Այսպիսով` հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը:

Զայրացած Հազկերտը Տիզբոն կանչեց անվանի հայ, վրացի և աղվան նախարարներին: Այստեղ նրանցից պահանջեցին հավատափոխ լինել և ընդունել զրադաշտականությունը: Հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել նախարարներին, ավերել նրանց տիրույթները և աքսորել հարազատներին: Հայոց մեծամեծերն ստիպված եղան առերես ընդունել կրակապաշտությունը՝ ոչ միայն մահապատժից փրկվելու, այլև ժողովրդին ղեկավարել կարողանալու նպատակով: Ուրախացած Հազկերտը նրանց հատուկ զորագնդի ու մոգերի ուղեկցությամբ, շռայլ պարգևներով ուղարկեց Հայաստան:

Ապստամբության սկիզբը: Անգղի և Զարեհավանի ժողովրդական ելույթները

Նախարարների հավատուրացության լուրը երկիր հասավ մինչև նրանց Հայաստան գալը: Դրա հետևանքով երկրում սկիզբ էին առել տարերային հուզումներ, որոնց գլուխ էր անցել հայ հոգևորականությունը: Ժողովրդական շարժումն արագորեն տարածվում էր երկրով մեկ: Հավատուրաց նախարարների նկատմամբ զայրույթով էին լցված բոլորը, անգամ նրանց հարազատները:

Ժողովրդական բուռն ելույթ տեղի ունեցավ Բագրևանդ գավառի Անգղ գյուղաքաղաքում: Մոգերն այստեղ փորձեցին կրակատան վերածել տեղի եկեղեցին, բայց արժանի հակահարված ստացան: Ռամիկները, Ղևոնդ Երեցի գլխավորությամբ` դագանակներով զինված, հալածեցին մոգերին, իսկ Զարեհավան գյուղաքաղաքում կործանեցին նորակառույց ատրուշանը և սպանեցին մոգերին: Ապստամբած ժողովուրդն ամենուրեք կոտորում կամ երկրից դուրս էր քշում մոգերին ու պարսիկ պաշտոնյաներին: Հայրենիք վերադարձած նախարարները ժողովրդին տեղյակ պահեցին իրենց կեղծ ուրացության մասին և անցան ժողովրդական շարժման գլուխ: Համաժողովրդական շարժումը թևակոխեց նոր փուլ՝ վերածվելով կազմակերպված ապստամբության:

Երկրի ճանաչված ղեկավարներից սպարապետ Վարդան Մամիկոնյանը, ընդառաջելով նախարարների ու ժողովրդի ցանկությանը, անցնում է երկրի զինված ուժերի գլուխ: Շարժման այս փուլում Վասակ Սյունին ապստամբության գլխավոր ղեկավարներից էր: Երկիրը պարսկական ավերումից փրկելու նպատակով նա փորձում էր հանգստացնել պարսիկ մոգպետին, որպեսզի նա հայերի դեմ չգրգռի պարսից արքունիքը, միաժամանակ մասնակցում էր ապստամբության նախապատրաստությանը: Նա բոլորի հետ մեկտեղ «անսուտ երդում տվեց սուրբ Ավետարանի վրա»:

Ժողովրդի տարբեր խավերին միավորել էր պարսկական իշխանությունների դեմ համընդհանուր ատելությունը: Ապստամբներն ուխտեցին չդավաճանել ընդհանուր գործին և համատեղ պայքարել թշնամու դեմ: Ապստամբները հարձակվեցին այն բերդերի, ավանների և քաղաքների վրա, որտեղ պարսից կայազորներ էին հաստատված: Շուտով նրանց ձեռքն անցան երկրի հինավուրց մայրաքաղաք Արտաշատը, Վանը, անառիկ ամրոցներից Գառնին, Անին, Արտագերսը և այլն: Ժողովուրդն ամենուրեք զինվում էր և պատրաստվում կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:

Շարժման ծավալումը

Ապստամբների թիվն օրեցօր ավելանում էր, իսկ թշնամական զորագնդերն արդեն դուրս էին քշվել երկրից: Երկիրը փաստորեն անկախացել էր: Հայ նախարարները պատրաստվում էին վերականգնել հայոց անկախ թագավորությունը: Այդ նպատակով նախարարական տարբեր խմբավորումներ առաջ են քաշում իրենց թեկնածուներին: Հայոց գահը զբաղեցնելու հավակնություններ ունեին առաջին հերթին ապստամբության հիմնական ղեկավարները՝ Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին: Այդ մեծ նպատակին հասնելու համար անհրաժեշտ էր պարսիկների դեմ պայքարում դաշնակիցներ ձեռք բերել, շարժման մեջ ներգրավել հարևան բախտակից ժողովուրդներին: Դաշինք կնքելու և օգնություն ստանալու նպատակով հայերը դիմեցին Բյուզանդիային: Սակայն կայսրը ոչ միայն մերժեց հայերին, այլև վերստին հաստատեց պարսիկների հետ հին դաշինքը և նրանց խոստացավ չօգնել հայերին: Բյուզանդիան պարսից արքունիքին նաև տեղյակ պահեց հայերի ապստամբական ծրագրերին: Միաժամանակ Հայաստանի բյուզանդական մասի հայ իշխաններին արգելվեց օժանդակել իրենց պարսկահպատակ ազգակիցներին:

Պարսկական հալածանքներն ապստամբություն ծնեցին նաև հարևան Աղվանքում, որը գտնվում էր Կուր գետի, Կովկասյան լեռնաշղթայի և Կասպից ծովի միջև: IV դ. 30-ական թթ. Աղվանքը քրիստոնեություն էր ընդունել, իսկ դարավերջին ընկել Պարսկաստանի տիրապետության տակ: Պարսիկների դեմ պայքարում հայտնվելով ծանր կացության մեջ՝ աղվաններն օգնության խնդրանքով դիմեցին հայերին: Հայաստան եկած աղվանից եպիսկոպոսն ու հազարապետը հաղորդեցին, որ պարսկական բանակն ու մոգերը ներխուժել են Աղվանք և բռնությամբ կրակապաշտություն են տարածում: Հայերը որոշեցին օգնության ձեռք մեկնել հարևան ժողովրդին:

Ապստամբության ղեկավարները հայկական զորքը բաժանեցին երեք մասի: Առաջինի հրամանատար կարգեցին Ներշապուհ Արծրունի իշխանին և ուղարկեցին Հեր ու Զարևանդ գավառներ՝ Ատրպատականի կողմից պաշտպանելու երկրի սահմանները: Երկրորդ զորաբանակը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ օգնության շտապեց աղվաններին: Երրորդ զորաբանակը Վասակ Սյունու ղեկավարությամբ մնաց երկրում: Մարզպանի խնդիրն էր անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ մյուս զորաբանակներին և պահպանել կարգն ու կանոնը երկրում:

Վարդան Մամիկոնյանը զորքով թշնամուն հանդիպեց Խաղխաղ քաղաքի մոտ:

ակառակորդին ջախջախելուց և փախուստի մատնելուց հետո հայոց բանակն անցավ Կուրը և աղվանից զորքերի հետ Աղվանքը մաքրեց պարսկական զորամասերից: Վարդան Մամիկոնյանը շարունակեց առաջխաղացումը մինչև Ճորա (Հոնաց) պահակի ամրությունները և դաշինք կնքեց հոների հետ: Հոները պարտավորվեցին օգնել հայերին պարսիկների դեմ պայքարում:

Մինչ սպարապետն Աղվանքում էր, Հայաստանում վիճակը լարվեց: Վասակ Սյունին տեսնելով, որ օգնություն չկա ոչ Բյուզանդիայից, ոչ էլ հոներից, իր կողմը գրավեց մի խումբ հայ նախարարների և պարսկական ավերիչ արշավանքից երկիրը զերծ պահելու նպատակով որոշեց լեզու գտնել պարսից արքունիքի հետ: Նա ձգտում էր կանխել հայերի ռազմական բախումը պարսկական գերակշիռ ուժերի հետ: Ստանալով պարսից արքունիքի համաձայնությունը՝ Վասակը հայտարարեց, որ Հազկերտը հրաժարվել է կրոնափոխության ծրագրից և պատրաստ է ներել ապստամբներին: Թերևս նրան այդ քայլին մղեց նաև իր որդիների` Տիզբոնում պատանդ լինելու հանգամանքը, քանի որ նրանք կարող էին մահապատժի ենթարկվել: Բացի այդ՝ նա սկսել էր երկյուղել, որ օգնության բացակայության դեպքում ապստամբությունը կպարտվի, և նա կկորցնի ոչ միայն մարզպանի պաշտոնը, այլև Սյունյաց նահապետի ժառանգական իրավունքը: Այս ամենի հետևանքով Վասակը, փաստորեն, դրժեց համատեղ պայքարելու իր երդումը և հեռացավ ապստամբությունից:

Ավարայրի ճակատամարտը

Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451թվականաի մայիսի 26-ին Մեծ Հայքի Վասպուրական նահանգի և Արտազ գավառի Ավարայր գյուղի մոտ, Տղմուտ գետի հովտում, հայկական և պարսկական զորաբանակների միջև: Պարսկական բանակը, որի կազմում կային 80-90 հազար զորական և 12-13 մարտական փիղ, Մուշկան Նյուսալվուրտի հրամանատարությամբ ներխուժել է Հայաստան,որպեսզի ճնշի հայեի ապստամբությունը և իրագործի հայերին դավանափոխելու Սասանյան Հազկերտ թագավորի ծրագիրը:

Հայկական զորքը, որ կազմված էր կանոնավոր զորաջոկատներից և աշխարհազորաային ուժերից, սպարապետ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամ թշնամու դեմ մարտի է բռնվել Ավարայրի դաշտում: Ճակատամարտը սկսվել է մայիսի 26-ին է շաբաթ օրվա առավոտյան, և շարունակվել մինչև երեկո: Մարտի ժամանակ զոհվել է սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Հայերիցղ զոհվել է 1036, պարսիկներից՝ 3544 մարդ: Հայոց այդ հերոսամարտը հակադրել է պարսիկներին Մարզպանական Հայաստանից հետ կանչել իրենց բանակը և հրաժարվել հայերին հավատափոխ դարձնելու պարտադրանքից:

Ճիշտ է, չակատամարտում ոչ ոք չհաղթեց, սակայն քանի որ այն կրոնական էր, հայերը տարան բարոյական հաղթանակ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s