Մլեհ

Հայ ռազմաքաղաքական մտքի զինանոցը հարուստ է քաջարի գործիչներով և հմուտ դիվանագետներով: Նրանց մեջ առանձնանում է Կիլիկյան Հայաստանի մեծ իշխան Մլեհ Ռուբինյանը: Ճկուն, խելացի, հնարամիտ և հայրենանվեր. ահա այսպես կարելի է բնորոշել Մլեհ Ռուբինյանին, չնայած հայ կղերական գրականությունը նրան ներկայացնում է որպես անփառունակ և անարժան իշխանավորի:

Թե երբ է ծնվել Մլեհ իշխանը, պատմությունը լռում է: 1169 թ. նա ժառանգեց Կիլիկիայի իշխանապետության գահը և կառավարեց 6 տարի: Սակայն այս կարճ ժամանակամիջոցում Մլեհ իշխանը կարողացավ արմատապես փոխել Կիլիկյան պետության արտաքին և ներքին կարգավիճակը, նպաստել նրա հզորացմանը և լավ նախապայմաններ ստեղծել Կիլիկիայում թագավորության հռչակման համար:

1080 թ. Լեռնային Կիլիկիայի Կոռիկոս ամրոցում Բագրատունյաց թագավորության վերջին գահակալի` Գագիկ Բ Կրտսերի (1042-1045) ազգականներից Ռուբենը Կիլիկիան հռչակեց անկախ իշխանություն և հիմք դրեց Կիլիկիայի իշխանապետությանը, ինքն էլ գահակալեց որպես Ռուբեն Ա Ռուբինյան (1080-1095): Ռուբենի հաջորդները պայքարի ու արյան գնով ամրապնդեցին իրենց իշխանությունը` աստիճանաբար դուրս մղելով Կիլիկիայից բյուզանդացիներին և սելջուկներին: Պայքարն ավելի թեժացավ Լևոն Առաջինի օրոք (1129-1137): Նա կարողացավ անգամ ջախջախել Անտիոքի դքսությունն ու ազատագրել Դաշտային Կիլիկիան:

Մլեհը Լևոն Ա իշխանի կրտսեր որդին էր:

1137 թ. Բյուզանդիան հարձակվեց Կիլիկյան Հայաստանի վրա` նպատակ ունենալով խեղդել հայերի անկախությունը լեռնային այդ փոքր երկրում: Լևոն Ա հայոց զորքով պարտություն կրեց և գերեվարվեց գահաժառանգ Ռուբենի հետ միասին: Նրանք երկուսով նահատակվեցին Կոստանդնուպոլսում: Մլեհը, խուսափելով գերությունից, ապաստանեց Եդեսիայում` քեռու մոտ: Իսկ Լևոն Առաջինի մյուս որդին` Թորոսը, կարողացավ փախչել գերությունից և վերադառնալ Կիլիկիա:

Շուտով Լևոնի որդիները` Թորոս Երկրորդը, Ստեփանեն և Մլեհը ապստամբում են Բյուզանդիայի դեմ և երկիրը դարձյալ ազատագրում գերությունից: Թորոս Երկրորդը ժառանգեց հայոց գահը (1139-1165), իսկ Մլեհը` սպարապետությունը: Որպես հայոց զորքի սպարապետ` նա Թորոս  Երկրորդի ամենամեծ աջակիցն էր երկիրն օտարներից մաքրելու գործում:

Թորոս Երկրորդը, լինելով շրջահայաց գործիչ և քաջ պատերազմող, միաժամանակ շատ տատանողական դիրքորոշում ուներ արտաքին քաղաքականության հարցերում, մասնավորապես շարունակ զիջումներ էր անում Կիլիկիայում հաստատված խաչակիրներին, որոնց ազդեցությունն օր օրի ուժեղանում էր երկրում: Դրա մեջ մեծ վտանգ տեսնելով` Մլեհը փորձեց պայքար ծավալել խաչակիր ասպետների դեմ: Սակայն Թորոս Երկրորդը չկամեցավ բացահայտ առճակատման մեջ մտնել խաչակիրների հետ, և եղբայրների, երբեմնի դաշնակիցների հարաբերությունները կտրուկ սրվեցին: Բանը հասավ նրան, որ Թորոս Երկրորդն արտաքին ճնշման տակ ստիպված էր Մլեհ իշխանին արտաքսել Կիլիկիայից:

1165 թ. իշխանաց իշխան Թորոս Երկրորդը մահանում է, և Մլեհը, վերադառնալով Կիլիկիա, ժառանգում է իր օրինական իշխանությունը:

Նստավայր դարձնելով Լեռնային Կիլիկիայի անառիկ Վահկա բերդը` Մլեհ իշխանն անմիջապես պատերազմ հայտարարեց Կիլիկիայում հաստատված խաչակիրներին և կաթոլիկ հոգևորականությանը:  Նա ջախջախեց խաչակիրների բանակները, նրանց վտարեց Կիլիկիայից և խաչակիրների ու կաթոլիկ հոգևորականների կալվածքները գրավեց հարքունիս:

1171 թ. ի պաշտպանություն խաչակիրների հանդես եկան Անտիոքի դքսությունն ու Երուսաղեմի թագավորությունը: Սակայն Մլեհը կարողացավ վճռական ճակատամարտում ջախջախել նրանց միացյալ ուժերը ևս: Դաշինք կապելով Հալեպի հզոր ամիրա Նուր ադ-Դինի հետ` Մլեհը ջախջախեց ու հալածեց Կիլիկիայից ոչ միայն խաչակիրներին, այլև բյուզանդական զորքերը, գրավեց և իր երկրին կցեց Ադանա, Տարսոն քաղաքները: Սրանով Դաշտային Կիլիկիան վերջնականապես միացավ Կիլիկիայի իշխանությանը: Այս նվաճմամբ Մլեհն իր ազդեցության տակ առավ արևելք-արևմուտք ռազմավարական և առևտրական կարևորագույն ուղիները: Նա Նուր ադ-Դինի օգնությամբ հետ նվաճեց նաև հայ իշխանների ձեռքն անցած իր հայրական ժառանգությունը, ինչպես նաև արտաքին նվաճումների անցավ` նվաճած տարածքները կիսելով դաշնակցի հետ:

Օգտագործելով հակասությունները Արևմուտքի և Արևելքի, քրիստոնեության և իսլամի միջև` Մլեհը հմտորեն շահում էր այդ պայքարում:

Իր կարճատև իշխանության շրջանում Մլեհը հասցրեց նաև նոր մայրաքաղաք հաստատել: Վերակառուցելով և ամրացնելով Սսո անառիկ բերդը` 1173 թ. իր իշխանապետության մայրաքաղաքը տեղափոխեց այնտեղ:

Մլեհ Ռուբինյանը կարողացավ կտրուկ միջոցներով Կիլիկիայում հզոր կենտրոնաձիգ իշխանություն հաստատել` կայուն ու մարտական բանակով, որն ունակ էր ամեն պահի արժանի հակահարված տալ թշնամուն: Նա աչքի էր ընկնում ոչ միայն կառուցողական քաղաքականությամբ, եթե հարկ էր լինում, նաև դաժանությամբ: Այդպես ճնշեց ընդդիմացող իշխանների ելույթները և լատինամոլ ու կաթոլիկ հոգևորականների դավադրությունները:

Մլեհը Պապ թագավորից հետո թերևս երկրորդն էր, որը համարձակվեց ձեռնոց նետել ժամանակին հայ իրականության մեջ արմատացած կարծրատիպին, թե հայության միակ պաշտպանը քրիստոնեությունն է, և քաղաքականությունն ու կրոնական դոգմատիզմը միևնույն բաներն են: Նա հանուն իր երկրի շահերի դաշնակցեց հենց մահմեդական հզոր տիրակալի` Նուր ադ-Դինի հետ և պայքար սկսեց քրիստոնյա խաչակիրների դեմ: Ըստ էության` Մլեհ իշխանի համար առաջնայինը ազգն էր ու պետությունը: Ամեն ինչ հանուն ազգի և պետության, ոչինչ պետությունից դուրս: Ահա՜ նրա քաղաքական բանաձևը: Եվ հենց Մլեհը ստեղծեց քաղաքական ու տնտեսական այն հիմքերը, որով էլ հետագայում նրա եղբորորդին` Լևոն Բ Մեծագործը (1187-1219) Կիլիկիան հռչակեց թագավորություն:

Այս ամենը չէր կարող դուր գալ խաչակիրներին, կաթոլիկ հոգևորականությանը և հայ լատինամետ ազնվականությանն ու հոգևորականությանը: Վերջիններս բանադրեցին Մլեհին և կոչեցին «Սատանայի գործակից»: Հայոց եկեղեցին Հայաստանի ապագան տեսնում էր միայն քրիստոնյա մեծ ու հզոր որևէ տերության հետ` բացառելով սեփական հզորության և անկախության գաղափարը:  Հետևանքը` կատարվեց ոճիր, և Մլեհ իշխանաց իշխանն իր իսկ մայրաքաղաքում, արքունական պալատում զոհ գնաց նրանց նյութած դավադրությանը: Մլեհը զոհ գնաց այն մարդկանց, որոնց համար ազգը և հայրենիքը ստորադասված էին քրիստոնեությանը և կրոնական մոլեռանդությանը:

Մլեհից հետո Կիլիկիայի իշխանության գահն անցավ նրա կրտսեր` Ստեփանե եղբոր որդուն` Ռուբեն Երրորդին (1175-1187), որը Մլեհի դիակը փառք ու պատվով ամփոփեց Մեծքար վանքում, իսկ դավադիրներին մահապատժի ենթարկեց:

Պատմությունը ցույց տվեց, թե որքան ճիշտ էին Մլեհ իշխանի բռնած դիրքը և քաղաքականությունը քրիստոնյա Արևմուտքի նկատմամբ: Ցավոք, նրա օրինակը ուսանելի չեղավ, և 1375 թ. մենք կորցրեցինք ևս մեկ պետականություն` հանուն հավատի: Հայոց պատմության մեջ շատ չեն այն գործիչները, որոնք, զերծ մնալով կրոնական նախապաշարումներից, դաշնակցեցին այլադավան իշխանավորների հետ` հանուն հայրենիքի ազատագրման ու բարգավաճման: Այդ քչերից են Պապ թագավորը (370-374), Թեոդորոս Ռշտունին (VII դար), Մլեհը և Դավիթ Բեկը: Պապ թագավորն անիծվեց հայ կղերական պատմիչների կողմից` պիտակվելով որպես պիղծ ու անօրեն և դավադրության զոհ դարձավ: Թեոդորոս Ռշտունին դեռ կենդանության օրոք հալածվեց և մեկուսացավ: Նրա պայքարն ըստ արժանվույն չգնահատվեց թե՛ ժամանակակիցների, թե՛ սերունդների կողմից: Մլեհը զոհ գնաց ապազգային  կրոնամոլների դավադրության, իսկ Դավիթ Բեկը մահացավ կասկածելի հանգամանքներում: Սակայն այս գործիչների կատարածն անուրանալի է հայ ժողովրդի ազատագրական պայքարում:

Ցավոք, պատմությունը միշտ չէ, որ արդար է, մենք դեռևս չենք կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը և հավատն ու կրոնը վեր ենք դասում ազգայինից ու պետությունից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s