Պահպանողականություն կամ կոնսերվատիզմ

Հիմնականում պահպանողականություն (կոնսերվատիզմ) հասկացությունը մեկնաբանվում է չորս տարբերակով.

  1. Որպես խառնվածքի տեսակ, որի տարրերն են սովորույթը, մտահոգությունը արմատական փոփոխությունների նկատմամբ և իներցիան:
  2. Որոշակի իրավիճակներում դրսևորվող սոցիալական վարքի մոդել, որին հատուկ է հակազդեցությունը կամ դիմադրությունը սոցիալական, տնտեսական, կրոնական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում կատարվող փոփոխություններին:
  3. Քաղաքական պահպանողականություն, որն իրենից ներկայացնում է կուսակցությունների և շարժումների կողմից իրականացվող ավելի շատ պաշտպանական, քան հարձակողական բնույթի գործողություններ, որոնց հատուկ է ավանդականությունը:
  4. Գոյություն ունեցող կարգերի պահպանմանն ուղղված մտածողություն, որը հանդես է գալիս աշխարհայացքային կերպով։

Պահպանողականության պատմությունը սկսվում է 1789թ. Ֆրանսիական մեծ հեղափոխությունից: Այդ ժամանակներից սկիզբ են առնում պահպանողականության երկու դասական մոտեցումները։ Առաջինի հիմքը դրել են ժոզեֆ դե Մեստրը (1753-1821) և Լուի դե Բոնալդը (1754-1840), իսկ երկրորդը կապված է անգլիացի Էդմունդ Բերքի (1729-1797) անվան հետ: Եթե անգլոսաքսոնյան երկրներում առավել տարածված է պահպանողականության բերքյան տարբերակը, ապա մայրցամաքային Եվրոպայի երկրներում` դրանց յուրահատուկ համադրույթը:

Առաջին անգամ «կոնսերվատիզմ» տերմինն օգտագործեց ֆրանսիական գրող և քաղաքական գործիչ Ֆ. Շատոբրիանը: 1815 թվականից իր կողմից հրատարակվող ամսագիրը Շատոբրիանը կոչեց «Կոնսերվատոր» և, հարելով պահպանողական գաղափարների, կարևոր խնդիր համարեց Բուրբոնների դինաստիայի վերականգնումը:

Պահպանողականության փիլիսոփայության ելակետն է այն դրույթը, ըստ որի մարդու ճակատագրի վրա իր հետքն Է թողել նրա «առաջին մեղքը»: Մարդը չի գիտակցում «լավի» և «վատի» միջև տարբերությունները: Նա ոչ միայն ընդունակ չէ վերափոխել հասարակական կյանքն, այլ նաև չպետք Է ձգտի դրան։ Այդ ձգտումը պահպանողականները համարում են բռնության գործադրում հասարակական զարգացման բնական օրինաչափությունների նկատմամբ: 20-րդ դարի հայտնի պահպանողական Ռ.Կերկը գտնում էր, որ մարդու էությանը պատճառած նման վնասվածքների հետևանքով հնարավոր չէ աշխարհը վերափոխել նրա իսկ քաղաքական գործունեությամբ: Անհատն, ըստ պահպանողականների, ինքնուրույն կերպով արժեք չի ներկայացնում և ամբողջությամբ կախված է պահպանողական կարգ ու կանոնի օժանդակությունից: Պահպանողականների կարծիքով, քաղաքական սկզբունքները պետք է հարմարեցնել ազգային ավանդություններին, սովորույթներին և հասարակական-քաղաքական ինստիտուտների արդեն արմատավորված ձևերին: Բերքի խոսքերով, հասարակության նպատակն է ոչ թե թվացող ազատությունների հորինումը, որը հանգեցնում է համընդհանուր անարխիայի, այլ արդեն գոյություն ունեցող, ավանդությունների վրա հիմնված ազատությունների պահպանումը: Պահպանողականների կարծիքով, նախապատվությունը պետք է տալ ոչ թե անգամ կատարյալ թվացող տեսական սխեմաներին, այլ գոյություն ունեցող ինստիտուտներին: Նրանք գտնում էին, որ բնական և օրինական է համարվում միայն այն հասարակությունը, որը հիմնված է հստակ ձևավորված աստիճանակարգության (հիերարխիա) վրա: 

Ի տարբերություն լիբերալիզմի ու սոցիալիզմի, պահպանողականությունն ավելի բարդ երևույթ է: «Պահպանողականություն» հասկացությունն ընդգրկում է հասարակության մեջ արմատավորված, ժամանակի փորձություններով անցած այն արժեքները, որոնք պայմանավորում են բնակչության զգալի հատվածների հոգեբանությունն ու մտածելակերպը: Պահպանողական արժեքներն ու նորմերն իրենց համախոհներն են գտնում մարդկանց տարբեր խմբերում։ Այսպես, պահպանողականությանը կարող են հարել ֆերմերների, խանութպանների, արհեստավորների և գյուղական բնակչության այն ներկայացուցիչները, որոնք մտահոգված են անորոշ ապագայի հեռանկարով և իրենց սոցիալական կարգավիճակը չեն ցանկանում փոխել հեղափոխությամբ, որը քայքայում է քաղաքական կարգը։ 

Պահպանողականության իմացաբանական նախադրյալն է այն հանգամանքը, որ հասարակական-քաղաքական գործընթացն ունի երկակի բնույթ: Դրա հիմքում մի կողմից ընկած է էվոլյուցիան` հնի հետ կապերի խզումը և նորի ստեղծումը, իսկ մյուս կողմից` նախկին համակարգի կենսունակ տարրերի փոխանցումը նորին: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s