Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական համակարգում: Երկրի մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը, կենսաբանությունը` կենսոլորտը, տնտեսագիտությունը` մարդկային հասարակության տնտեսական ոլորտը և այլն:
Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
ա) բնությունը, (բնական զոնա, բնական լանդշաֆտ և այլն),
Բ) հասարակությունը, (տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ և այլն),
գ) բնության, (մարդածին լանդշաֆտ, ջրամբար և այլն):
Ընդհանուր աշխարհագրությունը ձևավորվում և զարգանում է երեք հիմնական ուղղություններով: Առաջինը բնության և հասարակության փոխազդեցության ուսումնասիրման ու վերլուծության ուղին է: Մի կողմից ուսումնասիրվում են հասարակության զարգացման ու տարածքային կազմակերպման վրա բնական միջավայրի ազդեցությունները , մյուս կողմից` բնական միջավայրի վրա հասարակության ազդեցությունները: Երկրորդը բնական և հասարակական երևույթների տարածքային վերլուծության ուղին է: Ուսումնասիրվում են այդ երևույթների տարածքային կազմակերպման ընդհանուր գծերն ու օրինաչափությունները: Երրորդը երկրագրական և տարածաշրջանային վերլուծության ուղին է: Համալիր ուսումնասիրվում են երկրների և տարածաշրջանների բնությունն ու հասարակությունը՝ իրենց բաղադրիչներով:
Աշխարհագրության գիտական հետազոտությունների մեթոդները կարելի է խմբավորել հետևյալ կերպ:
1. Համագիտական մեթոդներ. նկարագրական, մաթեմատիկական, համակարգային և այլն: Կիրառելի են գիտության բոլոր ճյուղերում:
2. Կոնկրետ գիտական մեթոդներ. կիրառվում են գիտության որոշակի ճյուղերում:
Օրինակ՝ բնական աշխարհագրության համար՝ երկրաֆիզիկական, հնէաաշխարհագրական, իսկ հասարակական աշխարհագրության համար` վիճակագրական, տեխնիկատնտեսական մեթոդները:
3. Տեղեկույթի ստացման մեթոդներ. տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ ու գործողություններ: Օրինակ՝ լաբորատոր, հեռաչափական դիստանցիոն, դաշտային դիտարկումների, հարցաթերթային հարցումների մեթոդները:
4. Տեղեկույթի էմպիրիկ (փորձային) և տեսական ընդհանրացումների մեթոդներ. դասակարգման, շրջանացման, քարտեզագրման, գնահատման, համեմատական մեթոդները և այլն:
5. Տեղեկույթի մշակման մեթոդներ. տեղեկույթի մշակումը, պահպանումն ու փոխանցումը համակարգիչների օգտագործմամբ: