Հուշեր Հովհաննես Թումանյանի մասին

Բորժոմ պարկում՝
Հիշում է Ձեզ և ուղարկում
Շատ բարևներ ու սեր անկեղծ
 Ձեր բարեկամ մի բանաստեղծ։

(Հովհ. Թումանյան, 08.09.1902, Բորժոմ)

Հովհաննես Թումանյան, Մարիամ Թումանյան, հուշեր

Մի ժամանակ ընդունված էր ալբոմի մեջ բանաստեղծություններ գրել։ Ես էլ խնդրել էի Թումանյանին, որ հատուկ ինձ համար մի բան գրեր։ Մի քանի օրից հետո նա բերեց ինձ մի ալբոմ՝ 3 բանաստեղծություններոով, որ ես շատ հավանեցի։

Իշխանուհի Մարիամ Թումանյան, հուշեր Թումանյանի մասին


Չանցավ մի շաբաթ՝ Թումանյանը խնդրեց վերադարձնել իրեն այդ ալբոմը, որ նոր բաներ գրի մեջը։ Ես հավատացի նրա խոսքերին և միամտությամբ ետ տվի ալբոմս, բայց, դժբախտաբար, էլ չտեսա նրա երեսը։ Իմ դիմումներին, որ շուտ բերի ալբոմս, Թումանյանը պատասխանում էր. «Էսա կբերեմ, ի՞նչ եք այդքան վռազում»։ Ես այնքան անգամ կրկնել էի խնդիրքս, որ վերջը ինքս բեզարեցի և համոզված էի, որ դա ծուլության ու անհոգության նշան էր Թումանյանի կողմից։

Նրա մահից հետո ես խնդրեցի նրա աղջկան՝ Նվարդին, ում հանձնված էր իր հոր արխիվը կարգի բերելը, որ նա փնտրի թղթերի մեջ իմ ալբոմն ու վերադարձնի ինձ, բայց ոչինչ չգտնվեց, ու այն ժամանակ ես հավատացի, որ Թումանյանն  իսկապես ոչնչացրել էր այն, ինչպես ասել էր ինձ սիրային բացատրության ժամանակ…

— Գիտե՞ք՝ ինչու ես վերցրի Ձեզնից ալբոմն ու ոչնչացրի։ Ես վախեցա, որ գրած բանաստեղծությունները կասկած կհարուցեն Ձեր մեջ։ Դուք ինձ հաճախ հանդիմանում էիք, որ ուշ-ուշ եմ Ձեզ գրում և իբր թե Ձեզ չեմ հիշում։ Բայց իմացե՛ք, Մարմա՛ր (մտերմական րոպեներում նա ինձ Մարմար էր կոչում՝ հավատացնելով, որ շատ հաջող է գտել այդ անունը, որը թե՛ իմ իսկական անունն է կրճատում և թե՛ իմ երեսի սպիտակությունն է բնորոշում), ես Ձեզ հիշել եմ ամեն օր, նույնիսկ՝ ամեն ժամ, պատրաստ էի գրելու երկար նամակներ, բայց ուրիշ բովանդակությամբ։ Դուք չեք կարող երևակայել, թե որքա՜ն դժվար է հրամայել սրտին, որ լռի, երբ սիրտն ուզում է խոսել։ Մանավանդ դժվար է լռել մի բանաստեղծի համար։ Որքա՜ն գեղեցիկ բանաստեղծություններ եմ գրել Ձեզ համար Աբասթումանում ու քամուն եմ տվել և լավ եմ արել։

— Բոլորովին լավ չեք արել։ Ինչ որ դուրս է գալիս բանաստեղծի գրչի տակից, արդեն պատկանում է գրականությանը,- ասացի ես,- կարող էիք լույս չընծայել այդ գրվածքները, թող մնային Ձեր արխիվում։

— Ուրեմն լավ չե՞մ արել, որ լռել եմ և սիրտս չեմ բաց արել Ձեր առաջ։
Ես ընկա մտածմունքների մեջ և սաստիկ ցնցվեցի, երբ Թումանյանը կրկնեց իր հարցը.
— Ինչո՞ւ չեք պատասխանում, Մարմա՛ր, կարո՞ղ էիք արդյոք Դուք սիրել ինձ։

Ես շարունակում էի լռել. մնացել էի շվարած, թե ինչ պատասխանեմ…

 

Հատված իշխանուհի, մշակութային և հասարակական գործիչ
  Մարիամ (Դոլուխանյան) Թումանյանի
   «Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները»
գրքից:

                                                 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s