Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշներն են…

Աշխարհագրական թաղանթի կարևորագույն և առավել հայտնի օրինաչափությունը զոնայականությունն է: Զոնայականությունը հասարակածից բևեռներ ուղղությամբ բնական բաղադրիչների ու դրանցից կազմված բնական համալիրների օրինաչափ փոփոխումն է: Զոնայականության գլխավոր պատճառը Երկրի գնդաձևությունն է, որի հետևանքով, ըստ աշխարհագրական լայնությունների, արեգակնային էներգիան բախշվում է անհավասարաչափ: Դրանով են պայմանավորված մթնոլորտային ճնշման, տեղումների, ցամաքի ու օվկիանոսների ջրերի,
հողաբուսական ծածկի ու կենդանական աշխարհի զոնայական դրսևորումները: Զոնայականության վերաբերյալ պատկերացումները ձևավորվել են դեռ հին Հունաստանում և հիմնված են եղել հին հույների կողմից առաջ քաշած Երկրի գնդաձևության գաղափարի վրա: Իսկ աշխարհագրական թաղանթի այդ օրինաչափության գիտական հիմնավորումը տրվել է ռուս աշխարհագրագետ Վ. Դոկուչաևի կողմից 19–րդ դարի վերջերին: Ճառագայթային էներգիայի զոնալ բաշխվածության կարևոր հետևանքներից մեկը երկրագնդի վրա ջերմային գոտիների առաջացումն է: Առանձնացնում են ջերմային հինգ գոտի` մեկ տաք կամ շոգ գոտի, երկու բարեխառը գոտի, երկու ցուրտ գոտի: Ջերմային այդ գոտիների սահմաններում առանձնացվում են չորս հիմնական և երեք միջանկյալ կլիմայական գոտիներ: Երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացման և խոնավացման ազդեցության տակ ձևավորվում են օդային զանգվածների չորս հիմնական տիպերը` հասարակածային, արևադարձային, բարեխառն, բևեռային: Աշխարհագրական թաղանթի առավել խոշոր զոնալ միավորներն են աշխարհագրական գոտիները, որոնք հիմնականում ձգվում են արևմուտքից արևելք, և որոնց առանձնացման հիմքում դրված են ջերմային պայմաններն ու մթնոլորտի ընդհանուր շրջանառության առանձնահատկությունները (տիրապետող օդային զանգվածի
աշխարհագրական տիպը): Երկրագնդի վրա առանձնացնում են 13 աշխարհագրական գոտի. հասարակածային և յուրաքանչյուր կիսագնդում` մերձհասարակածային, արևադարձային, մերձարևադարձային, բարեխառն, մերձբևեռային և բևեռային: Անուններով և աշխարհագրական տեղաբաշխմամբ դրանք համընկնում են կլիմայական
գոտիների հետ, ինչը միանգամայն օրինաչափ է: Հասարակածային, արևադարձային, բարեխառն և բևեռային գոտիները համարվում են հիմնական կամ գլխավոր, իսկ «մերձ» նախածանցով սկսվողները՝ մերձհասարակածային, մերձարևադարձային և մերձբևեռային գոտիները՝ անցողիկ: Անցողիկ գոտիները գտնվում են հիմնական
գոտիների միջև և, ի տարբերություն դրանց, չունեն իրենց տիրապետող օդային զանգվածները: Տարվա եղանակից կախված նրանց մեջ ներթափանցում է հարևան հիմնական գոտիներից որևէ մեկի համար տիպիկ օդային զանգվածը՝ պայմանավորելով անցողիկ գոտու կլիմայական իրադրությունը: Աշխարհագրական գոտիներից յուրաքանչյուրն ունի մարդու կյանքի և գործունեության համար իր առանձնահատկությունները: Այդ պայմաններն առավել բարենպաստ են բարեխառն, մերձարևադարձային և մերձհասարակածային գոտիներում, որտեղ շատ լավ են արտահայտված նաև բնության զարգացման ռիթմիկ զարգացումները: Այդ գոտիներն
առավել ինտենսիվորեն, քան մյուսները, յուրացված են մարդու կողմից:
Աշխարհագրական գոտիները կանոնավոր շերտերի տեսք չունեն: Ռելիեֆի, ծովային հոսանքների և այլ գործոնների ազդեցությամբ դրանք կարող են լայնանալ և նեղանալ: Այդ իմաստով՝ գոտիներն առավել միասեռ են օվկիանոսների վրա: Աշխարհագրական գոտիների ներսում առանձնացնում են աշխարհագրական (բնական) զոնաները` աշխարհագրական թաղանթի զոնալ տարբերակման երկրորդ հիմնական միավորները:
Աշխարհագրական զոնան աշխարհագրական (բնական) գոտու բաղկացուցիչ մասն է, որը բնութագրվում է իրեն հատուկ ջերմային և խոնավացման պայմաններով, հողաբուսական ծածկով, կենդանական աշխարհով: Աշխարհագրական տարբեր գոտիներ կազմված են տարբեր թվով զոնաներից, և դա պայմանավորված է տվյալ գոտու ընդգրկած տարածքից, ձգվածությունից, նրա սահմաններում ջերմության և խոնավության փոխհարաբերակցությունից և մի շարք այլ պայմաններից: Օրինակ՝ հասարակածային գոտում առանձնացվում է ընդամենը մեկ զոնա (հասարակածային խոնավ անտառներ), իսկ բարեխառն գոտում, որն ամենաանհամասեռն է, յոթ զոնա (տայգայի, խառն անտառների, լայնատերև անտառների, անտառատափաստանների, տափաստանների, կիսաանապատների և անապատների): Հարթավայրային շրջաններում սովորաբար զոնաները տարածվում են արևմուտքից արևելք և ճիշտ են արտացոլում օրինաչափության էությունը: Բայց աշխարհագրական համալիր պայմաններից կախված`առանձին զոնաներ կարող են շեղվել զոնալ բնույթից` տարածվելով միջօրեականների ուղղությամբ (օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայում): Աշխարհագրական թաղանթի զարգացման գործընթացի մեջ կարևոր են նաև ազոնալ (ոչ զոնայական) երևույթների դերը, որոնց ծագումն ու զարգացումը կապված է ոչ թե Արեգակի, այլ երկրագնդի ներքին ջերմության հետ: Աշխարհագրական առումով ազոնալ երևույթներից առանձնապես կարևոր են երկրակեղևի տարաբնույթ շարժումները, որոնց հետ կապված են լեռնային համակարգերի գոյացումը, հրաբխային ժայթքումները, երկրաշարժերը և այլն: Այդ բոլոր երևույթներն անընդհատ փոխում են ջրի և ցամաքի բաշխվածությունը, նրա ներքին կառուցվածքը` համապատասխան փոփոխություններ մտցնելով նաև բնատեսքերի (լանդշաֆտ) մեջ: Լեռնային շրջաններում զոնայականությունը կարծես վերանում է՝ իր տեղը զիջելով ազոնալ վերընթաց գոտիականությանը: Դա այն երևույթն է, երբ բնական բաղադրիչները և բնատարածքային համալիրները փոխվում են ըստ բարձրության`լեռների ստորոտներից դեպի գագաթները և կարծես նման են լեռնալանջերին կապած գոտիների: Վերընթաց գոտիականությունը պայմանավորված է, ըստ բարձրության, կլիմայի փոփոխության հետ՝ ջերմաստիճանի նվազման և խոնավության ավելացման հետ: Վերընթաց գոտիականության օրինաչափությունը յուրահատուկ է լեռնային բոլոր երկրներին: Այս օրինաչափությունը առաջին անգամ նկարագրել է գերմանացի նշանավոր աշխարհագրագետ, բնախույզ և ճանապարհորդ Ա. Հումբոլդը, երբ 1799–1804 թթ. ճանապարհորդում էր Հարավային Ամերիկայով: Վերընթաց գոտիականությունը մեծ ընդհանրություն ունի հորիզոնական զոնայականության հետ. գոտիների հերթափոխը լեռներում բարձրանալիս կատարվում է նույն հաջորդականությամբ, ինչ հարթավայրերում հասարակածից դեպի բևեռները շարժվելիս: Սակայն բնական գոտիները լեռներում փոխվում են ավելի արագ, քան բնական զոնաները հարթավայրերում: Բացի այդ՝ վերընթաց գոտիականությունը լեռներում պայմանավորված է ոչ միայն բարձրության փոփոխությամբ, այլև լեռնային ռելիեֆի առանձնահատկությամբ: Այդ գործում մեծ դեր է խաղում լեռնալանջերի դիրքադրությունը: Վերընթաց գոտիականությունն ամբողջությամբ աչքի է ընկնում առավել մեծ բազմազանությամբ, քան հորիզոնական զոնայականությունը հարթավայրերում: Սակայն հորիզոնական զոնայականության և վերընթաց գոտիականության միջև գոյություն ունի սերտ կապ: Լեռներում վերընթաց
գոտիականությունը սկսվում է հարթավայրերի այն նույն բնական զոնայով, որում գտնվում են լեռները: Այսպես՝ Հարավային Ամերիկայի խոնավ հասարակածային անտառների զոնայում գտնվող Անդյան լեռների ստորին գոտին նույնպես կազմում են այդ անտառները, որոնք, ըստ բարձրության, հաջորդում են լեռնային անտառային, բարձրլեռնային անտառների, բարձրալեռնային մարգագետինների ու ձյան գոտիները: Վերընթաց գոտիների թիվը կախված է լեռան բարձրությունից և նրա տեղադիրքից:
Որքան բարձր է լեռը, և որքան այն մոտ է գտնվում հասարակածին, այնքան հարուստ է նրա գոտիների կազմը (հիշե՛ք վերընթաց գոտիների հավաքակազմը ՀՀ–ում): Ցամաքների վերընթաց գոտիականության նման Համաշխարհային օվկիանոսում առանձնացնում են խորքային գոտիականությունը, որը պայմանավորված է, ըստ խորության, ջերմաստիճանի, լուսավորության, ինչպես նաև ջրային զանգվածի ֆիզիկաքիմիական հատկանիշների փոփոխմամբ: Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող ցանկացած երևույթի տարածական փոփոխություններն ու առանձնահատկությունները կարելի է ճիշտ հասկանալ զոնալ և ազոնալ գործոնների համատեղ հաշվառման հիման վրա: Բնության ուսումնասիրման նման համալիր մոտեցմամբ միայն կարելի է ճիշտ գնահատել բնական պայմաններն ու ռեսուրսները և, հետևապես, ճիշտ կողմնորոշվել տարածքի արդյունավետ օգտագործման ու բնության պահպանության հարցերում: Միասնական համակարգ հանդիսացող աշխարհագրական թաղանթի սահմաններում զոնալ և ազոնալ գործոնների համատեղ ազդեցության, էներգիայի և նյութերի շրջապտույտների, ռիթմային փոփոխությունների հետ կապված` նրա կառուցվածքն ամենուր նույնը չէ: Այդ գործոնների և երևույթների փոխազդեցության պատճառով աշխարհագրական թաղանթի տարբեր մասերի զարգացումը միևնույն ձևով չի ընթանում, որը և առաջացնում է աշխարհագրական թաղանթի տրոհում որակապես տարբեր մասերի, որոնք կոչվում են աշխարհահամակարգեր (գեոհամակարգեր) կամ բնատարածքային համալիրներ: «Բնատարածքային համալիր» հասկացության էությունը հուշում է, որ բնության պահպանման, վերափոխման և արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է ցուցաբերել համալիրային մոտեցում. առանց համալիրն ամբողջությամբ ճանաչելու ոչ մի միջոցառում նպատակին չի կարող ծառայել: Յուրաքանչյուր բնատարածքային համալիր կազմված է փոխկապված, փոխպայմանավորված աշխարհագրական (բնական) բաղադրիչներից (ռելիեֆ, կլիմա, ջրեր, հող, բույսեր, կենդանիներ): Դրանք միմյանց հետ սերտորեն կապված են, և մեկի փոփոխությունը համապատասխան փոփոխություն է առաջացնում մյուսների և ողջ համակարգի մեջ: Օրինակ՝ կլիմայի փոփոխությունը անխուսափելիորեն առաջ է բերում բույսերի, կենդանիների, հողագոյացման փոփոխություններ: Փաստորեն, բնատարածքային համալիրները աշխարհագրական թաղանթի որոշակի տարածք զբաղեցնող, բնական բաղադրիչների փոխկապված, փոխպայմանավորված օրինաչափ զուգակցություններն են: Աշխարհահամակարգերն իրենց կազմակերպման մակարդակով խիստ բազմազան են: Ամենամեծ բնատարածքային համակարգը աշխարհագրական թաղանթն է: Նրա տարածքային խոշոր մասերն են մայրցամաքներն ու օվկիանոսները, որոնք էլ, իրենց հերթին, բաղկացած են ավելի փոքր միավորներից` աշխարհագրական գոտիներից, զոնաներից և այլն: Որպես ինքնուրույն բնատարածքային համալիր կարող են հանդես գալ նաև մարգագետինը, լիճը, ճահիճը և այլն: Ցանկացած մեծության բնատարածքային համալիրի գլխավոր հատկանիշը նրա ամբողջականությունն է, միասնականությունը: Համալիրի բաղադրամասերի միջև փոխազդեցությունն իրականացվում է էներգիայի և նյութերի շրջապտույտի շնորհիվ: Աշխարհագրական թաղանթում ընթացող բոլոր գործընթացներն ամենից առաջ պայմանավորված են էներգիայի շրջապտույտով: Էներգիան թաղանթում ընթացող բոլոր գործընթացների շարժման սկիզբն է, որոնք ընթանում են էներգիայի կլանմամբ, վերափոխմամբ և անջատմամբ: Աշխարհագրական թաղանթում անընդհատ տեղի է ունենում նաև նյութերի շրջապտույտ, այսինքն` նյութերի տեղափոխություն և վերափոխում: Նյութերի շրջապտույտի գլխավոր գործոնը էներգիայի շրջապտույտն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s