Հուշեր և նամակներ: Եղիշե Չարենց

«Օգնեցե՜ք ինձ». Եղիշե Չարենցի նամակը

(Հատված.Շահինյանին հասցեագրված նամակից)

Թանկագին Մարիետա Սերգեևնա.
Դժբախտություն ունեցա գրելու բանաստեղծությունների և պոեմների նոր գիրք՝ 300 էջ, «Գիրք ճանապարհի» ընդհանուր վերնագրով,- մեր ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի մասին:…Եվ ահա հենց այս գիրքը մարդիկ իրենց նաիրյան կուրությամբ և ատելությամբ հայտարարեցին նացիոնալիստական, դաշնակցական և…

ընկ. Խանջյանի՝ բացակայության ժամանակ, երբ գիրքը, վաղուց արդեն տպագրված, արդեն պիտի լույս տեսներ, բռնեցին և Կենտկոմի քարտուղարության անունից արգելեցին որպես հակահեղափոխական, իսկ ինձ էլ, առանց պատճառների որևէ բացատրության, դուրս վռնդեցին պետհրատից:
Մեր ամբողջ մտավորականությունը այդ օրերին ցնորվածի նման էր,վախեցած իր գլխի համար,բացահայտորեն վայրի, անիմաստ տեռորի հոտ էր գալիս, որի նմանը չեք գտնի Խորհրդային Միության ոչ մի վայրում…պատկերացնում եք արդյո՞ք, թե ինչ պիտի վերապրեի ես այդ օրերին՝ չէ որ ես այդ օրերին կարող էի սպանել թե՛ ինձ, թե՛ իմ ընտանիքը, խելագարվել. զարմանում եմ, որ դա չպատահեց ինձ հետ:
… Օգնեցեք Ձեր կրտսեր գրչեղբորը… Այս փոքր նաիրյան աշխարհում ես շատ թշնամիներ ունեմ: Առանց Ձեր ազնիվ պաշտպանության նրանք ինձ կուտեն: Դուք ավելի լավ եք պատկերացնում մեր երկրի ամբողջ հետամնացությունը: Չ՞է որ Ձեզ նույնպես ուզում էին կործանել, բայց նաիրյան աղիքը շատ նեղ գտնվեց այնպիսի մեծ մարդու համար, ինչպիսին Մ. Շահինյանն է: Բայց ինձ կարող են կործանել շատ հեշտ: Դուք դա ինձնից լավ եք հասկանում: Այդ իսկ պատճառով շատ եմ խնդրում, հանուն այն լավ վերաբերմունքի, որ Դուք առ այսօր ցուցաբերում եք մեր մշակույթի ու գրականության մեջ ամեն մի արժեքավորի հանդեպ, օգնեցեք ինձ: Եվ կրկին վերջին անգամ, աղաչում եմ, օգնեցեք ինձ:
1933թ.Երևան

«Չարենցի կրակոցը» հատված Արփիկի մահվան մասին

13620773_1752610965009966_7450751445313642346_n

-Լսե՞լ եք վերջին ցնցող նորությունը:Ասում են՝Չարենցն իր կնոջ գերեզմանն է բացել տվել:Չտեսնված բան է:

-Ինչպե՞ս թե բացել է…Չի կարող պատահել:
-Ճշմարիտ եմ ասում:Դա անցած գիշեր է արել:Այնտեղ է գնացել բանտապետի ու մի քանի ծառայողի հետ:Ընկել է գերեզմանաթմբի վրա,լաց է եղել:Իսկ թե հետո ինչպես է համոզել,որ դագաղը դուրս բերեն,միայն Աստծուն է հայտնի…
-Այո,իրոք որ արտառոց դեպք է,-ասաց Աբովը՝քորելով ծոծրակը:
-Ոչ… թե արտառոց,այլ սարսափելի,-ուղղեց Դաբաղյանը:-Տեսնես ի՞նչ է մտքովն անցել…
-Երբեք չես իմանա,-Ալազանը ակնոցը հանեց ու դրեց բաճկոնի գրպանը:-Նրանից ամեն ինչ կարելի է սպասել:Չարենցը մոլեգին խառնվածք է,իսկ նրա արարքները հանճարի տարօրինակություններ են…
…Մատուցողը ետ եկավ,սեղանին շարեց սկուտեղով բերած ափսեներն ու շշերը:Բոլորը մի պահ լռեցին…
…-Բայց դուք շարունակությունը լսեք,-դարձյալ զրույցն իր կողմը շրջեց Զարյանը:-Պատմում են նաեւ,թե այդ գիշեր Չարենցը բացված դագաղում դրել է կնոջ արծաթե մահադիմակն ու իր նոր բանաստեղծությունները՝շշի մեջ զմռսած:Ու այդպես էլ թաղել են…
-Իսկ դա ի՞նչ է,-դեմքը թթվեցրեց Վանանդեցին:-Դարձյա՞լ տարօրինակություն:
-Չգիտեմ,-Զարյանը հորանջեց ու ափով ծածկեց բերանը:-Ոմանք այդպես խենթանում են:Մեկ ուրիշն այդպես սիրում է…
-Ու դու դա համարում ես արդարացու՞մ:
-Ո՛չ,ես դրան անվանում եմ ՍԵՐ:
-Ի՞նչ…
-Սեր,հարգելի՛ս,սեր,որն ինքն է արդարացնում ամեն բան…

«Չարենցի կրակոցը». Զրույց Բակունցի հետ

..-Գիտե՞ս,Ակսել,-խոսեց Չարենցը,և նրա ձայնը հևքով էր լցված:-Ես մի գաղտնիք պիտի բացեմ,բայց միայն քո առաջ:Մի’հավատա բոլոր նրանց,ովքեր ասում են,թե Արփիկը մեռավ հիվանդության կամ ուշացած վիրահատության պատճառով:Երդվում եմ,դա ճիշտ չէ:Նա մեռավ,որպեսզի պատժեր ինձ:Նա վրեժ լուծեց ինձնից:Նա փոխհատուցեց իմ մեղքը մահով:Այդպես որոշեց…Դեռ այն ժամանակ,երբ նա առաջին անգամ եկավ բանտ,ու ես պատրաստ էի ոտքերն ընկնել ներումի համար,նա ինձ այդպես էլ ոչինչ չասաց:Հասկանո՞ւմ ես,ոչինչ:Չհարցրեց պատահածի մասին,չմեղադրեց,չլքեց,քանի որ հոգու խորքում պատրաստ ուներ այս մեկը`զոհաբերությունը դավադրության պես,նվիրվածությունը`վրեժի նման…Ասա ինձ,Ակսել,մահը սիրո երաշխիք կարո՞ղ է լինել…:Ասա,հատուցման համար գոյություն չունե՞ր սահմանված մի չափ:Եվ ասա,թե ինչ են անում,եթե անեծքն աղոթքից նախապատվելի է դառնում…

Հ.Չարխչյան

Գ.Մահարի. Արփիկը մահացավ

Արփիկը մահացավ:
Այդպես մարում է մեծ,լուսավոր,պայծառ ջահը:
Այս մթնում նստել ու լալ,
Ի՞նչ է մնում ինձ,էլ ի՞նչ:
Բալիկ իմ,լավ իմ,զուլալ,
Աստղիկ իմ ջինջ…

Դա 1927 թվականի հունվարի 1-ն էր:

Չարենցի սերերը. նոր բացահայտում

Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թեստեղծագործական աշխարհում:

Սակայն Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ, որի մասին ժամանակակիցները միաձայն լռություն են պահպանել կամ լավագույն դեպքում բավարարվել են կցկտուր տեղեկություններով: Եվ նույնիսկ այդ ժլատ հիշատակումները թույլ են տալիս ուրվագծել ոչ սովորական մի պատմության նրբերանգները:  1930 թվի ամռանը Լենինգրադից Երևան վերադարձած Չարենցը դեպքերի բերումով ծանոթանում է 18-ամյա մի գեղեցկուհու Վերա Ռուսկիի հետ: Նա կարճատև այցով Հայաստան էր ժամանել Հայկինոյի հրավերով իբրև դերասան նկարահանվելու լիամետրաժ ֆիլմերից մեկում:

Կան հակասական վկայություններ այն մասին, թե հատկապես ո՞ր կինոնկարում էր երիտասարդ արտիստուհին պատրաստվում հայկական կերպար մարմնավորել: Մի դեպքում նշվում է, թե Վերային հրավեր էր ուղարկել կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը: Մեկ այլ կարծիքի համաձայն նրան պատրաստվում էին ընդգրկել «Անուշ» ֆիլմի նկարահանման աշխատանքներում:

Միանգամից ասենք, որ 1930-ին Բեկնազարյանը որևէ ֆիլմ չի նկարահանել, այնպես որ հազիվ թե հրավերը նրանից լիներ: Ինչ վերաբերում է Վրաստանի «ոսկինպրոմից» գործուղված կինոռեժիսոր Ի. Պերեսիանիին, ապա նա իսկապես այդ տարի սկսել էր Թումանյանի «Անուշ»-ի էկրանավորումըզայրույթ պատճառելով հայ մտավորականությանն այն բանի համար, որ հանրահայտ պոեմը վերաձևել էր իր հայեցողությամբ և պատրաստվում էր սիրավեպը դիտարկել դասակարգային պայքարի տեսանկյունից:

Միանգամայն հնարավոր է, որ Վերային Երևան էր կանչել հենց Պերեսիանին(«Հայկական կինո, լիակատար կատալոգ»): Վերայի մասին հայտնի էր այն, որ նա ծնվել է Լեհաստանում, և շատերն էին կարծում, թե ազգությամբ լեհուհի է: Մինչդեռ նրա երկիմաստ անուն-ազգանունն ամենայն հավանականությամբ այլ բան չէր, քան արտիստական կեղծանուն, քանի որ իրականում աղջիկն ազգությամբ հրեա էր և ծնողներից ժառանգել էր Էռա Շմիդտ անունը: Դա էր պատճառը, որ Չարենցը ժամանակ առ ժամանակ սիրում էր նրան դիմել իր հորինած բառախաղով աղջկան անվանելով ոչ այլ կերպ, քան «էռա ռուսկիխ »:   Հետագա իրադարձությունները զարգացել են շատ արագ և բուռն: Առաջին կնոջ Արփենիկի մահից հետո ամուրի բանաստեղծի հրապուրանքն այնքան մեծ է եղել, որ նա շուտով Էռային պարզապես տեղափոխել է իր հյուրանոցային համարը (Չարենցն այդ տարիներին դեռ բնակարան չուներ և ապրում էր «Ինտուրիստ» ներկայիս «Երևան» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում): Գայթակղությունն ուղեկցվել է աննկարագրելի խանդով:  Չարենցը սահմանափակել էր աղջկա բոլոր կարգի շփումներն ու հանդիպումները կողմնակի մարդկանց հետ, լավագույն դեպքում որևէ զբոսանք հնարավոր էր եղել միայն իր ուղեկցությամբ: Բանը հասել էր նրան, որ երբ բանաստեղծը պատրաստվում էր որևէ գործով քաղաք դուրս գալ, նա պարզապես սենյակի դուռը փակում էր Էռայի վրա, բանալին դնում էր իր գրպանը և նոր միայն հեռանում:

Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ Էռան այդպես էլ չարժանացավ հայկական ֆիլմում նկարահանվելու բախտին: Այդ տարիներին թողարկված կինոնկարներից որևէ մեկում չի հիշատակվում նրա անունը: Եվ մնում է միայն ենթադրել, որ դերասանուհու հարկադրված բացակայության մեղավորը եղել է ոչ թե ռեժիսորը, այլ… Չարենցի խանդը («Կովչեք», Մոսկվա, 1991թ.):

Ի վերջո, համատեղ անցկացրած մի քանի մեկուսի շաբաթներին հետևում է Չարենցի առաջարկը ամուսնանալ: Հազիվ թե դա հապճեպորեն կայացրած որոշում լիներ մի տղամարդու կողմից, ով մշտապես շրջապատված էր կանանցով և, ինչպես ասում են, ընտրության լայն հնարավորություն ուներ: Նրա այս առաջարկին Էռան դրական է պատասխանում:

Կարծիք կա, որ աղջկա արձագանքն իրականում եղել է պարտադրված քայլ, քանի որ նա արդեն հղի էր: Ամեն դեպքում համաձայնությունը ստացվել էր, և Չարենցը սկսում է լրջորեն նախապատրաստվել հարսանյաց արարողությանը: Վրա է հասնում պսակադրության օրը: Խնջույքի սեղաններն ու սրահը ձևավորվել էին Չարենցի հսկողությամբ և ըստ նրա ճաշակի: Նշված ժամին ներկայանում են բոլոր հրավիրվածները ավելի քան 20 հոգի: Ամենքն անհամբերությամբ սպասում են հարսնացուի հայտնությանը, քանի որ ոչ բոլորին էր հաջողվել մինչև հարսանիքը տեսնել նրան, և մեծ էր հետաքրքրությունը, թե ինչպիսին է այն կինը, որն արժանացել էր բանաստեղծի ընտրյալը լինելու պատվին: Բայց բոլորից անհամբերն ու անհանգիստն այդ պահին Չարենցն էր: Էռան ուշանում էր: Տեսնելով, որ սպասումը ձգվում է նախատեսվածից ավել, նա ստիպված ծանոթներից մեկին ուղարկում է հյուրանոց ճշտելու, թե ինչն է ուշացման պատճառը: Որքան մեծ է լինում նրա զարմանքը, երբ լրաբերը ետ է գալիս ու տեղեկացնում, որ հարսնացուն անհետացել է: Քիչ անց հայտնի է դառնում նաև ամբողջ եղելությունը:  Չարենցի կրտսեր մտերմուհին և հետագայում նրա ձեռագրերի պահապան Ռեգինա Ղազարյանը տարիներ անց որոշ դրվագներ է պատմել այդ միջադեպի մասին հայտնի դարձնելով նաև իր մասնակցությունը հարսնացուի առեղծվածային անհետացման գործին: Պարզվում է, որ այն պահին, երբ Չարենցը զբաղված էր նախապատրաստական հոգսերով, Էռան իր մոտ է կանչում Ռեգինային, նրա օգնությամբ հավաքում է իրերն ու անմիջապես ուղևորվում երկաթուղային կայարան:

Էռան առաջին իսկ գնացքով մեկնում է Հայաստանից («Չարենցյան նշխարներ» հուշերի ժողովածու): Հավանաբար վերջին պահին Չարենցի կամավոր գերուհին, այնուամենայնիվ, սթափվել էր ու հասկացել, որ ամուսնությունը շատ ավելի լուրջ քայլ է, քան սիրային արկածը, և ստեղծված իրավիճակից միակ ելքը շուտափույթ փախուստն էր: Իսկ Ռեգինային ոչինչ չէր մնում, քան իր «դավադրության» մասին խոստովանել հուսալքված նորափեսային:

Աղջկա համար էլ ավելի անսպասելի էր Չարենցի արձագանքը, ով զայրանալու փոխարեն ընդամենը մեկ ակնթարթ անշարժանում է, հետո անմիջապես վերագտնում է ինքնատիրապետումը և դառնալով ներկաներին բարձր ձայնով հայտարարում է, որ հանգամանքների բերումով նախատեսված հարսանյաց արարողությունը փոխվում է… քեֆի: Ի պատիվ հրավիրվածների պետք է ասել, որ նրանցից որևէ մեկը խոսքով կամ պահվածքով զգացնել չի տալիս դեպքի արտառոց լինելը, և խնջույքը շարունակվում է մինչև ուշ գիշեր:  Ահա այսպիսի ձախողված ավարտ ունեցավ Չարենցի հերթական գայթակղությունը, որ կարող էր նրա համար ճակատագրական լինել: Արդեն մեկ տարի անց Չարենցը նոր ընտրյալ ուներ Իզաբելլան, որն էլ դարձավ նրա երկրորդ կինը: Իսկ Էռա՞ն: Հետագա տարիներին նրա մասին որևէ հիշատակություն չէր հանդիպում:

Սակայն բոլորովին վերջերս մեզ հաջողվեց արխիվային պահոցներում գտնել եզակի վկայություններ նույնքան անակնկալ բացահայտումներով: Գրող Մկրտիչ Արմենի օրագրային գրառումները թերթելիս 1960-ի սեպտեմբերի 4-ին կատարված այլևայլ նշումների շարքում մենք հանդիպեցինք այսպիսի տողերի. «… Երեկոյան գնացի Գուրգենի մոտ (խոսքը Գուրգեն Մահարու մասին է – Հ.Չ) և հրաժեշտ տվեցի նրան.- մեկնում են երեկոյան 9-ն անց 40-ի գնացքով։  Զանգ տվեց նաև Վերա կամ Էռա Պետրովնա Շմիդտը, որը երեկ Գուրգենենց մոտ էր… Ես նրա մասին լսել էի դեռ մի քանի տարի առաջ, Խորենից (Խորեն Աճեմյանը Մահարու եղբայրը – Հ. Չ)։ Այդ կինը, իր ասելով, եղել է Չարենցի սիրուհին, և նրա գեղեցկուհի աղջիկն իբր թե Չարենցից է։ Տեսանք լուսանկարները և աղջկա, և մոր երիտասարդության։

Ես մորը հիշեցի, թեև ոչ շատ հստակ։ Իրոք որ, նա այն ժամանակ շատ գեղեցիկ էր և հիմա էլ, չնայած իր մոտ հիսուն տարեկան հասակին, դեռ պահպանել է իր հմայքի ցայտուն հետքերը։ Իսկ աղջիկը բացառիկ գեղեցիկ է։ Եվ, ճիշտն ասած, զգալիորեն նման Չարենցի մեծ աղջկան. դա նկատեցինք թե ես, և թե Գուրգենն իրարից անկախ։ Մի խոսքով, դա կոչվում է անցյալի հետքե֊րով…»: (ՀԱԱ, Մկրտիչ Արմենի անձնական արխիվ, ֆոնդ 972, ցուցակ 1, գործ 55)։

Էռան աղջկան կոչել էր Ժենյա: Կարծես ճակատագրի հեգնանքն էր, որ նա իր դստեր համար պիտի ընտրեր Չարենցի «Ռոմանս անսեր» պոեմի հերոսուհու անունը: Հետաքրքիր է, որ մի քանի ամիս անց 1961-ի հունվարին, Մկրտիչ Արմենը վերստին անդրադառնում է նրանց թղթին հանձնելով Ժենյայի մասին այս գրառումը. «Շատ գեղեցիկ ու հետաքրքիր աղջիկ է, իմիջիայլոց, ինձ խիստ ծանոթ տիպի։ Դա աղջկա այն երեսառած տիպն է, որ միանգամայն բնական և նույնիսկ անխուսափելի է համարում, որ բոլոր տղամարդիկ իր շուրջը պտտվեն, սիրահարվեն իրեն….»։

Իբրև ասվածին հավելում նշենք նաև, որ և Էռան, և Ժենյան այդ տարինե֊րին որոշ ժամանակ ապրել են Երևանում։ Նրանք Գուրգեն Մահարու մշտական հյուրերն էին, և նրա հետ նրանց մտերմությունն այլ կերպ դժվար է բացատրել, քան Չարենցի հանգամանքով։ Վերջին տեղեկությունը, որ հայտնի է Էռայի մասին, այն է, որ նա իր դստեր հետ 1971-ին Խորհրդային միությունից մշտական բնակության է մեկնել Իսրայել:

Հովիկ Չարխչյան

Իզաբելա Չարենց

14095837_1763883033882759_8143885651084884962_n

Ամառը շոգ էր:37 թիվն էր:Չարենցն ասաց.<<Արի ես քեզ երեխաների հետ Դարաչիչակ ուղարկեմ,էնտեղ հով է,քեզ լավ կզգաս>>:Նա ինձ երկու երեխաների հետ մեքենա նստեցրեց ու տարավ:Էնտեղ` վերևի հարկում, մի սենյակ վերցրեց:Գրողների հանգստյան տունն էր:Երեխաների հետ մի ամիս ապրեցի:Չեմ հիշում `ով էր,եկավ ասաց` դուք պիտի այս սենյակը ազատեք:Ասում եմ`ինչու:Ասում է.<<Մեկ ամիս ապրել եք,բավական է,հիմա էլ պիտի ուրիշներն ապրեն>>:Ասում եմ.<<Բա ես ո՞ւր գնամ,սպասեք մի քանի օր,Չարենցին հայտնեմ,որ գա մեզ տանի Երևան>>:Նա չսպասեց:Իմ իրերը սենյակից դուրս հանեց:Ճամպրուկս վերցրի,ներքև իջեցրի:Պատշգամբում հով էր,շուրջբոլորը`բաց,երկու երկաթյա մահճակալ դրեցի,երեխաների համար տեղ շինեցի այնտեղ և ինքս էլ նրանց հետ պառկեցի:Գիշերը շատ վատ քնեցի,որովհետև վախենում էի:Շուրջբոլորը բաց էր,ցուրտ էր,մտածում էի`երեխեքը կմրսեն:Առավոտյան փնտրեցի մի մարդու,որ ասեր Չարենցին,որ էսպիսի դրության մեջ եմ:

Աստղիկ Ղոնդախչյան

13423881_1736273646643698_2055336082615020753_n

Աստղիկ Ղոնդախչյան
«Եղիշը մեր տանը չէր եղել, հայրս շատ խիստ էր: «Երեք երգ տխրադալուկ աղջկան» Արտավազդը նվիրեց ինձ: Չարենցը ինձ խայտառակել էր: Հայրս ասում էր. «Աստղիկ՝ հասկցանք, էլ ինչ պետք կար Ղոնդախչյանի»: Ես տխրադալուկ չէի: Ես շատ զվարթ էի: Մի անգամ փողոցի անկյունում դեմս ելավ՝ ձեռքին մի վարդ: Վարդը նվիրեց ինձ:
— Այս վարդը կչորացնեմ:
— Վահ, ինչո՞ւ վարդս չորացնես, — խոսքս կտրեց նա:
— Որ պահեմ, — շարունակեցի ես:
Այդ վարդի թերթերը պահել եմ մինչեւ հիմա»

Արուս Ոսկանյան

13445338_1736955286575534_2413246558443063721_n

Պատմում է Արուս Ոսկանյանի եղբոր դուստրը`Մարգարիտա Դարբասյանը

-Շատ ու շատ դրվագներ եմ հիշում նրա կյանքից` հիշարժան ու հետաքրքիր: Մենք` ես եւ քույրս, ապրում էինք հորաքրոջս` Արուս Ոսկանյանի տանը: Մենք երրորդ սենյակում էինք ապրում, իսկ ինքը ննջասենյակում: Ահա, հիշում եմ Եղիշե Չարենցի մահացած օրը` նոյեմբերի 27-ն էր, մի տխուր գիշեր: Արուսը փակված իր սենյակում, մեզ ոչինչ չէր ասել պոետի մահվան մասին, միայն մենք զգացել էինք նրա սարսափելի տխրությունը: Քնել էի, երբ լսեցինք հորաքրոջս ասմունքի ձայնը:

Զարմացանք. ի՞նչ էր պատահել, լսում էինք` լուռ մոտեցած նրա սենյակի փակված դռանը: Եվ լսվում էր Չարենցի «Կարմիր նժույգները թռչում են սրընթաց, Կարմիր նժույգները բաշերը փրփուր»: Հետո արտասանեց «Գանգրահեր տղան» պոեմից հատվածներ եւ այնուհետեւ շարունակաբար` «Տաղարան»-ից` «Ես իմ անուշ Հայաստանի» և նշանավոր այլ հայրենասիրական բանաստեղծություններ: Մինչ լուսաբաց արտասանում էր ու բարձրաձայն հեկեկում: Առավոտյան ասաց. «Ես բանաստեղծի հոգեհանգիստն էի տալիս, հարգանքի տուրքը նրա տառապանքի առաջ»: Զգացինք, որ հորաքույրս դժվարությամբ այդքանն ասաց, որովհետև ժամանակներն այլ էին. վտանգավոր օրեր էին, մենք իրավունք չունեինք Չարենցի անունը տալու:

Իսկ ինքը տառապանքը սփոփում էր արտասանությամբ, և իր սիրո արտահայտությունն ասմունքով էր հնչեցնում: Մենք նկատեցինք, որ մոմեր էին վառվում և ծաղիկներ էին դրված Չարենցի նկարի առաջ: Հիշում եմ, Արուսը շուռ եկավ դեպի մյուս պատը, որտեղ փակցված էր Ստալինի նկարը, և անիծելով ասաց` հանճարեղ մարդու գլուխը կերավ շան որդին: Հետո կրկին նայում էր Չարենցի նկարին ու աղիողորմ հեկեկում:

Դու երջանիկ ես,Արո’ւս,-
Ի~նչ ցնծությամբ վես
Դափնեպսակ է բերում
Միշտ ժողովուրդը քեզ:
Եվ Չարենցի քնարով,-
Իբրև անմահ գուսան,-
Փառք է երգում չմարող-
Քեզ` Նաիրյան Մուսան…
ՉԱՐԵՆՑ

Նվարդ Ալիխանյան

Նվարդ Ալիխանյան

Նվարդ Ալիխանյան

…Բայց ահա և նա:Դուրս եկավ դանդաղ,զգեստի թավշե ծոպքերը սահեցրեց շուրջը,անցավ ու կանգնեց բեմառաջքի մոտ:Սլացիկ հասակ,բարեձև մարմին,պարանոցի շուրջն`ալիքվող մազեր….Դահլիճում մարեցին վերջին շշուկները:Նվարդն էր երգում…

Հ.Չարխչյան

ԿԱՐԻՆԵ ՔՈԹԱՆՃՅԱՆ

13419251_1737221869882209_1915117423052312985_n

1916 թվի ամռանը Կարսում Չարենցը մտերմանում է Կարինե Քոթանճյանի հետ.նրանց միջև ծնունդ է առնում <<հրկիզող>> մի սեր:
Կարինեին հաջողվում է համոզել Եղիշեին գնալ Մոսկվա:
Չարենցի մոսկովյան օրերի միակ վկան Կարինեն էր: Նա իր հուշերում պատմում է,որ Չարենցը օրերով փակվում էր իր սենյակում,գրում էր ու գրում…
Ծնվում էր <<Ծիածանը>>,որի ձեռագիր ժողովածուն պիտի նվիրեր Կարինեին`այսպիսի մակագրությամբ.
Կարինե Քոթանճյանին
Դու իմ վերջի~ն,իրիկնայի~ն,աստղայի~ն քույր:

1917թվի մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից:Կայարանում նրան ճանապարհ է դնում Կարինեն: Չարենցը նրան նվիրում է <<Հեռացումի խոսքեր>>-ը.
-Կարդա,նոր եմ թխե…Անցնում են Կարինեի ու Չարենցի ապրած գեղեցիկ մտերմության,հոգեկան երջանկության մոսկովյան աստեղային պահերը…մնում են գույները`նուրբ,նուրբ կարոտ ներշնչող…
Իսկ երկու տարի անց`1919-ին,Չարենցը մի վերջին անգամ պիտի վերհիշեր իր հին կարոտները.

Ու էլ ամեն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում,
Պիտի անդարձ ես հեռանամ,պիտի գնամ.աչքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում,
Ասեք նրան`Չարենցն ասավ-մնաս բարո~վ,մնաս բարով..

Քաղաքի հին թաղերից մեկում`Դամրբուլաղի և Գետառի հարևանությամբ`հողե հում աղյուսներից շարված տների,սապնաջրեր տանող առվակների և փայտաշեն զուգարանների շարքում,հարևան տների պատերին հենված-կանգնած էր հազիվ պահպանվող մի տնակ:Այդ տնակում էր ապրում յոթանասունն անց,դեռ կարմրաթուշ,արծվաքիթ մի հայ կին`անունը Կարինե:Աչքերը կապույտ էին,ատամնաշարն`անխախտ,թարմություն ու կայտառություն էր զգացվում նրա շարժումներում:Տեսքը լեռնցու էր,շարժուներն`արագ,նայվածքը`ջերմ,նաև թախծոտ:Իսկ երբ խոսում էր,երբ փայլատակում էին ջերմությամբ լի աչքերը,թվում էր,թե վաղուցվանից ծանոթ ես հետը,թվում էր,թե ճանաչել ես դեռ երիտասարդական տարիներից:
-Կարինե Քոթանջյանն է,-շշնջաց ընկերս,որ նրա ամուսնու ազգականն էր,-Կարինե,-ձայն տվեց նա:
-Գառնի,դո՞ւ ես:Համեցե’ք,համեցե’ք:
Ցածրիկ և իրար վրա բացվող դռների միջև պտտվեց ու ետ գնաց Կարինեն,որպեսզի ճանապարհ տա մեզ մտնելու տուն:Տան շեմին կռացանք,ներս մտանք:Զարմանալի բան էր.մեր դեմ բացվեց լայն,գեղեցիկ մի սենյակ,որ հրճվանքով ընդունեց մեզ հին պատեֆոնից հնչող <<Մուրկա,մայա Մուրկա>>ուրախ երգով:
-Եղիշեն շատ էր սիրում այս երգը հեղափոխության տարիներին:Դրա համար էլ ես ձեզ դիմավորեցի նրա սիրած երգով,իր գնած սկավառակով:Ներիր ինձ,Գառնիկ,դու գիտես,որ ես դեռ ապրում եմ Եղիշեի շնչով:Այդ իմ ծերունական հիվանդությունն է,-ասաց Կարինեն:
-Կարինե,բա որ Գևորգը լսի:
Գևորգը Կարինեի ամուսինն էր,հիմա որպես լուսանկար ժպտում էր պատից կախված:Նրանք երեխաներ չէին ունեցել:
-Գևորգը շատ էր սիրում Եղիշեին:Եղիշեն նրան չէր սիրում.-Միլպետին ո՞վ է սիրել,որ ես սիրեմ,-ասում էր Չարենցը:-Միլպետն էլ սիրելու բա՞ն է,որ սիրեն:Կարինեն,եթե գժված չլիներ,Գևորգին չէր սիրի,բա նրա նագանը,բա նրա <<անգլերենը>>Աստաֆյանի վրա`<<Քեթալմայթ,քաղաքացի>>:

Այսպես ես ծանոթացա Կարինե Քոթանջյանի հետ:

-Հիմա արդեն ինձ թվում է նույնիսկ,որ Եղիշեին չեմ էլ ճանաչել,որ նա անիրական մի բան է եղել իմ կյանքում:Եղիշեի փոխարեն իմ կողքին ապրել է նրա բանաստեղծության ոգին,աննյութ,անտես Եղիշեն:Եղիշեն ինձ համար նյութեղեն չէր,հնչյուն էր,խզված ձայնով երգ էր,շարական կամ աղոթք`խորանից եկող:Նրան բռնել չէր կարելի,նրան միայն լսել էր պետք,տեսնել հարկավոր չէր,զգալ էր պետք:Նա ոգի էր,մարդ չէր:Նա ջերմացնում էր ինձ իր պոեզիայով,որ երգ էր,մրմունջ:Եղիշեն ինձ համար հրաշքներով լի աշխարհ էր,իմ հայրենիքն էր,իմ հավատն ու կյանքը:Ինչ էինք մենք այն ժամանակ,եթե ոչ մի ոգևորված,հիացած գոյություն,որոնցից շատ հեռու էին ժանգի համը և քաղքենիական հաճույքները:
-Սուրճ կխմե՞ք,-հանկարծ հարցրեց նա և իր կանացի,տանեցու տոնով սկսեց երգել.
-Նագան,նագան ջան,յոթ կրական ջան…Եղիշեի սիրած երգերից մեկն էր:Քանի դեռ ամուսինս կար,նա ամուսնուս բարկացնելու համար երգում էր <<Նագան>> երգը և նայում էր նրան այնպես,կարծես ուզում էր չարաճճի մանկան պես իմանալ,թե ինչպես էին ազդում նրա վրա երգն ու իր <<նենգությունը>>:
Չարենցը սուրճ խմելիս լրջանում էր,նա գիտեր սուրճ խմել,բայց հետո անպայման ամուսնուս հոգու հետ սկսում էր խաղալ:
-Գնանք Մաուզերի դվորը խայֆա խմելու,-դիմում էր ամուսնուս:-Գառնիկ,դու գիտե՞ս՝ որտեղ է այդ Մաուզերի դվորը:
-Էլլարի մոտ չէ՞:
-Այո,Արամուսի ճամփին:
…Երբ սուրճը պատրաստ էր,երբ քառասուն աղբյուրների մեկական բաժակ ջրերը դրվեցին սեղանին,Կարինեն հանկարծ լռեց,աչքերում արցունքներ երևացին,և ձեռքերը սկսեցին դողալ:
-Ի՞նչ եղավ,Կարինե,-վախեցած մոտ վազեց Գառնիկը:
-Ոչինչ,Գառնիկ,ոչինչ,հիմա կանցնի:Երբ նրան տարել են տնից,նա ճիշտ այսպես նստել է սուրճ խմելու,և չեն թողել,որ խմի:Դուք ինձ ներեք,խնդրում եմ,արդեն դյուրագրգիռ եմ դարձել,մեծ մասամբ ապրում եմ հիշողություններով…Ես նրա բանաստեղծության մեկ տողն եմ միայն,երիտասարդական տարիների մեկ ճիչը…

Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում,
Ասեք նրան`Չարենցն ասավ`մնաս բարով,մնաս բարով:

Նա իր սուրճը թողեց,դուրս եկավ սենյակից:Մենք լուռ նստած լսում էինք,թե ինչպես էր չխկչխկում սյունից կախած թիթեղյա լվացարանի երկաթե ձողը. լվացվում էր Կարինեն,որ արցունքների հետքերը չերևային այտերի վրա:

ՎԱԼՏԵՐ ԱՐԱՄՅԱՆ

Արմենուհի Տիգրանյան

armenouhi-tiganean-aharonyan

Այս պատմությունը սկսվեց 1919 թ. հոկտեմբերի 18-ին:
«Ձյուն էր: Ձմեռ: Երևանի հունվարն էր: Քայլում էի մենա՜կ, երազկոտ ու լռին: Բեռ կար հոգուս վրա, անհուն կարոտի մի բեռ: … Հանկարծ դեմս ելար: Ինչպե՜ս տառապել էի և ապրել քո հոգեվարքը …
Հասակդ ավելի բարձր թվաց, ճակատդ ավելի բաց, և վեհագույն տառապանքից խորացած աչքերդ ավելի գեղեցիկ և իմաստուն: Իսկ այն մորթե գլխա՜րկը … Որքա՜ն կատարյալ էր դարձնում քո կեցվածքը: Օ՜, որքան հպարտ էիր ու երջանիկ այդ պահուն. գլուխդ միշտ վեր էիր բռնել հայրենիքիդ դահիճների առջև: Հպարտ էի և ես: Զգացի, թե կյանքում պահեր կան, անփոխարինելի պահեր, երբ մարդ կարող է ըմբռնել ուրիշին իրենից ավելի երջանիկ լինել ուրիշի համար:    Լավ էր այդպես: Հոգիս աղոթքներ էր մրմնջում և կյանքդ օրհներգում: Ուզեցի, որ հանդիպումս կարճ լիներ: Փոքրիկ, քնքո՜ւշ և տառապած մեկ էակ արդեն քայլում էր կողքիցդ: Արժանի էր քեզ: Երջանիկ էի և նրա համար: Մենք բաժանվեցինք: Ձյունի պես ճերմակ և մաքուր մի զգացում ողողել էր հոգիս, երբ քայլում էի նորեն մենակ, նորեն կարոտներիս հետ: Բայց տխրեցի մի պահ: Ինչո՞ւ նրա համար էլ այդպես հպարտ ու երջանի չեմ… Երանի՜ նրանց, որոնք աղոթելու անկյուններ ունեն իրենց հոգիների խորքում»:

Լյուսի Թառայան

13537703_1739658899638506_5905127343540125389_n

Նա այնտեղ է ՝Լյուսի Թառայան.Վարդերում, արևում Շիրազի,Նաիրյան դաշտերի վրա,Սկյության դաշտերեում անծիր..Ես երբեք քեզ չեմ մոռանա Թառայան….

Եղ. Չարենց

Գրողի «Չարենց-նամե»-ում հոլովվող երրորդ սերը Լյուսի Թառայանն էր, որին նա ծանոթացել էր 1919թ. դեկտեմբերի սկզբին: Օրիորդ Թառայանը Թբիլիսիի Գայանյան դպրոցի շրջանավարտներից էր, եկել էր Կարս՝ թուրքերից ազատագրված վայրերում աշխատելու: Նա աշխատում էր որպես մեքենագրուհի, միաժամանակ մասնակցում սիրողական ներկայացումներին: Օրինակ, խաղացել էր Սուսանի դերը Շիրվանզադեի «Նամուս» դրամայում:
Լյուսի Թառայանին Չարենցը սեր է խոստովանել՝ նրան կոչելով իր մուսան, սակայն օրիորդը մերժել էր նրան, քանի որ նշանված էր հեղափոխական Կարո Գարագաշի հետ: Հետագայում Թառանյանը չէր ամուսնացել:

Մարիանա Այվազյան

13501772_1741560629448333_655291264117168873_n

-Որևէ մեկը գիտի՞,թե ով է կապույտ գլխարկով այն աղջիկը,-հարցրեց Չարենցը…
-Դա Մարիանան է,-ասաց Արաքսյան,-իմ ծանոթուհին:
-Բորսայի նախագահ Սարգիս Այվազյանի դուստրն է,-լրացրեց Ստյոպան:-Որքան ես գիտեմ,ավագ եղբոր մոտ երաժշտության դասեր է առնում:
<<Մարիանա>>,-մտքում կրկնեց Չարենցը:Հոր հետ ծանոթ չէր,սակայն եղբորը հիշեց…Արտեմի Այվազյանին Չարենցը շատ անգամներ էր տեսել Խորառծառի ակումբում…նա հիշում էր:Հիշում էր նրա սեթևեթ քայլքը,զրնգուն ձայնը,շրջազգեստի ծոպքերին քսվող մարմնի ուրվագիծն ու կիսադեմը`մազափնջերի շղարշից ազատ:Դա անսովոր գեղեցկություն էր,որ շատ դժվար էր բառերով ասել, և էլ ավելի դժվար`ընկալելը:Առանձնահատուկ ոչինչ կարծես թե չկար ո’չ նրա դիմագծերում,ո’չ շարժումներում,ո’չ էլ հայացքի անհաղորդ ամայության մեջ:Սակայն պարզունակ,անշուք այդ էությունից ինչ-որ բան էր հորդում,և Չարենցը դա զգում էր այնպես,ինչպես կզգար ցուրտը,ծարավը,անքնությունը…

Հովիկ Չարխչյան

«Չարենցը լեգենդ էր». Մարտիրոս Սարյանը` Եղիշե Չարենցի մասին

16508318_1848272548777140_1992521943421835452_n
10009864_656261331108129_1122715527_n-300x207

Չարենցը լեգենդ էր: Ի՞նչ գրես լեգենդի մասին: Գուցե կանխորոշված էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն … Ո՞վ գիտե … Ա՛յ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան: Բազմիցս Չարենցին նկարել եմ հենց այնպես, մեծ մասամբ ուրիշների ներկայությամբ, իբրև ճեպանկարներ: Սրանցից մի երկուսը, իմ կարծիքով, հաջողված են: Բայց դիմակով Չարենցը նկարել եմ «պաշտոնական» պայմանենրում, իր տանը: Նկարել եմ արագ, երկու սեանսով’ մի-մի ժամ: Երբ վերջացրի և սկսեցի երանգապնակս մաքրել’ վեր թռավ տեղից ու մոտեցավ դիմանկարին:

– Ա՛յ մարդ, էս ո՞նց ես աշխատում: Այսքան էլ արագ աշխատե՞լ կլինի:

– Այդքան էլ արագ չէր:

– Չէ՛, չէ՛, ի՞նչ ես ասում: Այսինքն՝ ես էլ ոչինչ: – Ու քմծիծաղելով, ապա կոմիկ լրջությամբ ցուցամատը քունքին դնելով, ավելացրեց, – ասենք մեղքը ժամանակինն է, տեխնիկայի դար է: Բարեբախտաբար հիշում եմ, թե ինչպես եղավ, որ գործը սկսեցի: Մի օր իջնում էի Աստաֆյանով: Տեսնեմ դիմացից Չարենցն է գալիս՝ մի քանի գիրք թևի տակ: Մոտեցավ ու թե’ «լա՛վ է չէ՞ մեր փողոցը, ճիշտ է, շատ է գավառական, բայց համ ու հոտ ունի, կոլորիտ ունի. հ՛ը, ի՞նչ կասես»: «Այդպես է, ասում եմ, – իսկ ե՞րբ ենք սկսում աշխատել»:

– Վա՛ղը, հենց վա՛ղը; Կիրակի օր էլ է: Վաղը 12-ին արի: Հաջորդ օրը գնում եմ: Տանը բացի իրենից, ոչ ոք չկա: Ամեն ինչից զգում եմ, որ նախապատրաստվել, տրամադրվել է նկարվելու: Նստում է: Պատկերակալը տեղադրելու, երանգապնակն ու վրձինները դիտմամն դանդաղ կարգի բերելու ընթացքում խոսում եմ դեսից դենից: Աշխատում եմ տրամդրությունը ցրել’ չի ստացվում: Նայում եմ դեմքին’ ի՛նքը չէ: Ծուլորեն մի քանի պատահական գծեր եմ դնում կտավին և, ի միջի այլոց, հայտարարում, թե այսօր մի տեսակ վրձին բռնելու ցանկություն չունեմ:

– Ինչո՞ւ, – հարցնում է զարմացած:

– Չգիտեմ, վաղը գամ: Մի քիչ խռոված տոնով պատասխանում է, որ աշխատանքի է:

– Ոչինչ, – ասում եմ, – գործդ վերցրու հետդ ու արի տուն: Դու կաշխատես, ես կամաց-կամաց կքսմսեմ’ գուցե մի բան դուրս գա: Լռում է, մտքի մեջ հաշիվներ անում ու համաձայնում: Մի երկու ժամ էլ լավից վատից խոսում ենք ու բաժանվում: Փայտե պատկերակալը մնում է Չարենցի աշխատասենյակում, նրա գրասեղանից երկու-երեք քայլ հեռու՝ համր ու անտարբեր … Լուսիկն արագ – արագ ճաշի պատրաստություն է տեսնում, հետն էլ կշտամբում է ինձ. «Ի՞նչ ես արել մարդու հետ, քո երեխա՞ն է, ինչ է. կնեղանա» և այլն, և այլն: «Հա՛, հա՛, երեխա է, բա ի՞նչ է, եթե ճիշտն ուզում ես իմանալ, երեխա՛ է»: Եվ իսկապես երեխա էր, մեծ երեխա, ազնիվ, բյուրեղյա հոգու տեր:

Հաջորդ օրը տնից դուրս եմ գալիս, մտածելով՝ տեսնես փորձե արդյունք տվել է: … Դուռը բացում է ինքը: Ա՛յ, սա հասկանալի է՝ տնեցիք էլ տանն են: Չերենցն էլ Չերենց է: Սովորական նախադասությունները փոխանակում ենք և անցնում գործի: Կարծես չի էլ նկատում ո՛չ պատկերակալը, ո՛չ ինձ: Երեկվա արհեստականությունից ոչինչ չի մնացել դեմքին: Բնական է գլխի շարժումը, դիմախաղը՝ ազատ, տիպիկ չարենցյան: Տարածված հայկական տիպաժ է: մազերը՝ սև, փոքր-ինչ ալիքավոր, խիտ ու ճակատաին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը՝ հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում: Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը. Այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը:

– Չարենց անձնավորության հիմնական հատկանիշներն են դրանք, որ պետք է ընդգծել ու խտացված ներկայացնել կտավի վրա … Դիմանակարը դու եկավ թե՛ իրեն, թե՛ ինձ:

– Մեկ էլ մի քսան տարի հետո այսպես հիմնավոր կնկարես, – ասաց, – հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեմ: «…»: Հաճախ, և Չարենցի դիմանկարի կապակցությամբ մասնավորապես, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ կնշանակեն դիմակները իմ գործերում: Ճիշտն ասած, նման հարցերի չեմ սիրում պատասխանել: Բայց գուցե պետք է այս առիթով մի երկու խոսք ասել: Միայն մի պայմանով’ կնշեմ առհասարակ դիմակի իմ «կոնցեպցիայի» մասին, Չարենցի հետ նկարված դիմակի կռահումը թողնելով դիտողին: Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար:

Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին

images

Ամենասիրելի Հովհ. Թումանյան

Խորապես ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը չորսին ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան: Գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքումմենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան, որը պետք է բխի Ձեր ստեղծագործության` որպես տեղական ստեղծագործության տրադիցիաներից:

Դառը սրտով գնում եմ այստեղից, ցավելով, որ հնարավորություն չունեմ Ձեզ մոտ լինելու և հետևելու Ձեր ամոքմանը, նաիրյան խոսքի ավագ նահապետի ամոքմանը, որից դեռ այնքան իմաստուն և այնքան լիքը սպասումներ ունի հայրենի եզերքը: Սիրելի Թումանյան, ես խորապես հավատում եմ, որ Դուք կառողջանաք , կկազդուրվեք և կնվիրեք մեզ Ձեր «Հազարան բլբուլը», որի մասին լսել եմ ես մանկությունից և սրտատրոփ սպասում եմ կատարմանը: Ընդունեցեք իմ ` Ձեր կրտսերագույն աշակերտի ամենաջերմ հարգանքները, հավատացած եղեք, որ ես Երևանում սրտատրոփ պիտի սպասեմ Ձեր վերադառնալուն և պիտի գամ Թիֆլիս` իմ անհուն ակնածանքը բերելու Ձեր վաստակած և իմաստուն կյանքին, որ նվիրել է հայրենի եզերքին այնքան «շռայլ» ձեռքով հոգեկան բարիքներ ու գանձեր:

Նորից և նորից ցանկանում եմ Ձեզ լիակատար առողջություն:

Համբուրում եմ Ձեր վաստակած ձեռքը:

Ձեր` Եղիշե Չարենց․

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s