Սա մի փոքր հին, բայց հետաքրքիր գիրք է:

Այս գիրքը մեր տանը հայտնվել է <<իմ շնորհիվ>> : Տարիներ առաջ գնացել էի ամառային արձակուրդները մորաքրոջս տանն անցկացնելու: Նրանց ձեղնահարկում կար գրքերի հին արկղ, և խնրեցի մի գիրք ընտրել և վերցնել ինձ: Ահա և իմ նվերը…
Գրքում ամփոփված են <<Ոզնի>> երգիծական հանդեսի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Արամայիս Սահակյանի զվարճալի զրույցները՝ գրականության, արվեստի, գիտության, աշխատանքի, սպորտի և այլ բնագավառների անվանի մարդկանց հետ: Փաստորեն սա հեղինակի <<Մարդը մարդով է մարդ>> գրքի շարունակությունն է՝ երգիծական թեքումով: Ներկա զրույցները նոր և անսպասելի կողմերով են բացում այդ անվանի մարդկանց հոգեկան և ստեղծագործական աշխարհը, երգիծանքի միջոցով բարձրացնում կենսական լուրջ հարցեր: <<Զվարճալի հարցազրույցներ>> ժողովածուն իր նույթով և ժանրային առումով ինքնատիպ է:
Փոքրիկ հատված գրքից.
ՍՐԱՄՏՈՒՄ Է ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԸ (Նոր տարվա սեմին, ինչպե՞ս ես Էմին)
Էմինի ծննդյան 65-րդ ամյակի առթիվ Ոզնին գրավոր հարցեր առաջարկեց հոբելյարին, որը նույնպես գրավոր պատասխանեց:
— Այս տարի դառնում եք վաթսունհինգ տարեկան: Իսկ իրականում ինչքա՞ն եք Ձեզ զգում. — հարցրեց Ոզնին:
—Այս տարիքում հոբելյարները սովորաբար ասում են թե իրենց ավելի ջահել են զգում (երբ ուզում են կանանց դուր գալ) և կամ՝ ավելի տարիքով (երբ ուզում են ավելի ծանրախոհ երևալ): Իսկ չի՞ կարելի, որպես բացառություն, ասել, թե ինձ զգում եմ այնքան ինչքան կամ:
—Ըստ անձնագրի՝ Դուք Կառլեն Գրիգորի Մուրադյան էիք: Ինչպե՞ս դարձաք Գևորգ Էմին:
— Ես ի ծնե Գևորգ էի, որովհետև ծնվել եմ Մուղնու սուրբ Գևորգի ուխտի օրերին: Հետագայում <<Կարմիր կնունք>> են արել, և իմ վրայից քերելով <<կղերա-ֆեոդալական>> Գևորգ անունը, կնքել են Մարլեն: Հետո պարզվել է, որ Մարլենն… աղջկա անուն է, ուստի դարձրել են Կարլեն: 1940 թվականին, երբ ես հրապարակում էի առաջին գրքույկս, ինքս ինձ վերակնքեցի իմ իսկական անունով՝ Գևորգ (Էմինը եկել է Հովսեփ Էմինից):
— Ծնվել եք Աշտարակում, ապրել Երևանում, սովորել Մոսկվայում. եղա՞վ…
—Գյումրեցու ասած՝ <<Ի՜նչըղ չեղավ…>>, էլ ի՞նչ հայ, որ մի տեղ չծնվի, մի այլ տեղ չապրի, մի այլ տեղում էլ չսովորի: Հայազգի նշանավոր երգչուհի Ռոզի Արմենը երևանյան իր համերգից առաջ ասաց. <<Հայրս թուրքահայ է, մայրս՝ ռուսահայ, ես՝ ֆրանսահայ…>>: Կատակը մի կողմ, բայց ես կարծում եմ՝ ամեն ինչ իր տեղը կընկնի…
— Դուք Ձեր աշխատանքն սկսել եք որպես հիդրոտեխնիկ ինժեներ: Գո՞հ եք, որ այդ մասնագիտությունը թողած, բանաստեղծ դարձաք:
—Բացի բազում այլ պատճառներից, ես իմ ինժեներական մասնագիտությունը թողեցի՝ նաև… ազդված գյումրեցիների այն հայտնի պատմությունից, թե <<Տղես ինջիներ է, հըմը քանի որ բոյը կարճ է տեխնիկ կըսեն>>: Մանավանդ որ, երբ ծառայում էի բանակում, լենինականցիներն ինձ, բոյից պատճառով, <<Պիճի լեյտենանտ>> էին ասում (թեև… ավագ լեյտենանտ եմ):
—Ինչի՞ վրա եք ամենից շատ ծիծաղում:
—Ինձ համար ամենից ծիծաղելին նրանք են, ովքեր ծիծաղել չգիտեն: Ծիծաղելի են նաև… քծնողները, կամ՝ նրանք, ովքեր իրենց շահի ու կարիերայի համար ուզում են դուր գալ բոլորին: Թեև ժողովրդական առածն ասում է. <<Խելոք գառը յոթ մոր կաթ կուտի>>, բայց դա ավելի շատ գառների մասին է, որոնք, ի՜նչ էլ անեն, մեկ է՝ մեծանալով… ոչխար են դառնալու:
—Ձեր բնավորության ո՞ր գիծն է ձեզ դուր գալիս:
—Այն, որ ես ինձ… դուր չեմ գալիս:
—Ձեր բնավորության ո՞ր գիծն է, որ ձեզ դուր չի գալիս:
—Այն, որ ես ինձ… դուր եմ գալիս:
—Ու՞մ եք նախապատվության տալիս՝ քննադատի՞ն, թե՞ ընթերցողին:
—Երկուսին էլ: Այն պայմանով, որ կարդան ու քննադատեն գիրքը, ոչ թե… հեղինակին:
— Կա՞ մարդ, որին նախանձում եք:
—Այո: Այն պատանի բանաստեղծին, որն այսօր գրում է իր առաջին բանաստեղծությունը: Թեև գիտեմ, որ նա էլ (ինչպիսի՜ երջանիկ անգիտություն) ի՛ նձ է նախանձում:
—Այս տարիքում Դուք սիրո բանաստեղծություններ եք գրում. հին տպավորություննե՞ր են, թե՞…
—Ով-ով, Դուք հո գիտեք, որ կան ծեր երիտասարդներ և երիտասարդ ծերեր:
—Ինչպիսի՞ն է կանանց մասին ձեր կարծիքը երեկ և այսօր:
—Երկեվա կարծիքս այսօր էլ ուժի մեջ է:
—Ինչու՞ եք մորուք պահում:
—Որովհետև, եթե չպահեի, դուք իսկույն հարց կտայիք, թե ինչու՞ չեմ պահում:
—Ձեր կյանքում տեղի ունեցած ծիծաղելի դեպքերից հիշեք մեկը:
—Լենինականում միտեինգ էր՝ նվիրված ղազախական գրականության տասնօրյակին: Մի լենինականցի մյուսին դիմելով (և ինձ ցույց տալով) ասաց. <<Ծո, Օննիկ, ըշտը իսոնք ղազախ են. աչքերեն հասկացանք, հըմը էդ վնեշտատնի վարդապե՞տը վով է…>>: Այդ րոպեին այնպես ցանկացա… մորուք չունենալ:
—Եթե ոսկե ձուկ բռնեիք, և նա կատարեր ձեր երեք ցանկությունը, ի՞նչ կցանկանայիք:
—Տո, հեր օրհնած, մեր գետերում ու լճերում իսկի սովորական ձուկ չի մնացել, ու՜ր մնաց… ոսկե ձուկ: Եթե այդպիսի հրաշք պատահեր, ես նրան երեք անգամ կխնդրեի՝ այնպես անել, որ մեր գետերում ու շճրում գոնե առաջվա կեսի չափ ձուկ լիներ:
—Աշխարհի շատ երկրներում եք եղել. որտե՞ղ եք Ձեզ ամենից լավ զգացել:
—Քասախի ձորում: Ամենից հաճույքով այնտեղ եմ գրում և թարգմանում:
—Ի՛նչ կասեք վատ թարգմանությունների մասին:
—Եթե առաջ խմբագրություններում ոճաբան էին պահում, ապա հիմա անհրաժեշտ է ամեն տեղ… <<ոչաբան>> պահել, որ կարողանա <<ոչ>> ասել անհաջող թարգմանությունների հեղեղին: Օրինակ՝ մեկը <<յորժամը>> թարգմանել էր ռուսերեն <<Отцовский час>> (այսինքն՝ հոր ժամ), մյուսը զատիկ կոչվող փոքրիկ ու գեղեցիկ միջատը դարձրել <<Աստծո կովիկ>> (<<Божья коровка>>): Էպիգրամի ու պարոդիայի թեմա է…
— Ինչպե՞ս եք ընդունում Ձեր մասին եղած պարոդիաները:
—Հաճախ ի՛նքս եմ իմ մասին պարոդիա գրում և ինքս ինձ <<ձեռ առնում>>…
—Դուք ապրում եք կոմպոզիտորների միության շենքում. գուցե դրանի՞ց է, որ լավ եք երգում:
—Երբ ես երգում էի, կոմպոզիտորների միության շենքը դեռ չկար: Ինչ վերաբերվում է կոմպոզիտորներին, ապա նրանք հակառակ իրենց մասին տարածված կարծիքի… համարյա չեն երգում, իսկ եթե մեկ-մեկ էլ, քեֆները տեղը եղած ժամանակ երգում են, ապա՝ մեծ մասամբ այն երգերը, որոնք իրենք արհամարում են ստեղծագործական լուրջ քննարկումների ժամանակ…
—Ինչու՞են Հայաստանում այդքան լավ շախմատ խաղում:
—Որովհետև հիմնարկներում ամբողջ օրը շախմատ են խաղում…
—Ձեր սիրած ֆիգու՞րը:
—Ձին: Որովհետև նրա քայլը կարդացվում է Г , այսինքն՝ Геворг…