Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբներին և ռուս-թուրքական պատերազմները

ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Օսմանյան կայսրության տիրապետության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանի ընդհարձակ տարածքը XIX դարի սկզբին բաժանված էր Էրզրում, Ախալցխա, Կարս, Վան, Դիարբեքիր և Սեբաստիա էլայեթների: Հայաշատ նահանգներ էին նաև Տրապիզոնը, Կեսարիան, Մալաթիան, Մարաշը, Ադանան, Ուրֆան և այլն:

Օսմանյան տերության արևելյան վարչամիավորների մեջ իր ընդհարձակ տարածքով և ռազմաքքաղաքական նշանակությամբ առանձնանում էր Էրզրումի նահանգը: Նահանգի կառավարիչ փաշան՝ վալին, որ համատեղում էր կայսրության արևելյան մարզերի զորքերի հրամանատարի՝ սերասկյարի պաշտոնը, կրում էր Հայաստանի կառավարչի տիտղոսը: Այս նահանգի գրեթե հազար բնակավայրերում ապրում էր ավելի քան 400 000 հայ:

XIX դարի սկզբին Արևմտյան Հայաստանում և հարակից նահանգներում, բացի քրիստոնյա հայերից, մեծ թիվ էին կազմում մահմեդականացված հայերը: Նրանց զգալի մասին շարունակում էին կոչել <<կեսկեսներ>>, այսինքն՝ կեսհայ, կեսմահմեդական: Նրանց ճնշող մեծամասնությունը չէր մոռացել ինչպես մայրենի լեզուն, այնպես էլ քրիստոնեական կրոնը: Այդպիսի բնակչություն կար Պոնտական լեռների լանջերին ձգվող Համշեն կիսանկախ գավառում, Բաբերդում, Սպերում, Երզնկայում և այլուր:

Ամբողջ Օսմանյան կայսրությունում ապրող մոտ 3 մլն հայերի մեծ մասը բնակվում էր Արևմտյան Հայաստանում, մնացածը՝ Կ. Պոլսում, Կիլիկիայում և Փոքր Ասիայում: Հայերը և քրիստոնյա այլ ժողովուրդները ապրում էին ազգային ամենաբիրտ ճնշումների, ազգային արժանապատվության ատնահարման, ֆիզիկական բնաջնջման մշտական վտանգի պայմաններում: Բարձր դուռը՝ թուրքական կառավարությունը, հրապարակել էր մի օրենք, որը մահապատիժ էր նախատեսում մահմեդականացված բոլոր այն քրիստոնյաների համար, ովքեր կփորձեին վերադառնալ իրենց նախկին կրոնին:

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՍԱՆԿԱԽ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օսմանյան Թուրքիայում, չնայած ազգային և կրոնական դաժան հալածանքներին, մի շարք վայրերում պահպանվել էին դեռ միջնադարից եկող հայկական ինքնուրույն համայնքներ և իշխանություններ, որոնք անթեղված ձևով իրենց մեջ կրում էին հայկական պետականության մի շարք հատկանիշներ:

Արևմտյան Հայաստանի տարածքում առանձնանում էր Սասուն լեռնագավառը: Այստեղի կիսանկախ իշխանության գլուխ շարունակում էին մնալ տեղի իշխանական տների շառավիղները: Հայկական ազդեցիկ իշխանապետություններից էի նաև Մոկսի Շատախ գավառի համայնքը: Այստեղ վարչական և դատական ողջ իշխանությունը հայերի ձեռքում էր: Հայկական կիսանկախ իշխանություններ կային նաև Խնուսում, Մանազկերտում և այլուր:

Կիլիկիայում համայնքային ներքին կառավարությամբ աչքի էին ընկնում լեռնային Զեյթունի 30 հայկական գյուղեր՝ մոտ 28 000 հայ բնակչությամբ: Այստեղի իշխանական տների գլխավորությամբ կառավարության դեմ պայքարը գրեթե միշտ պսակվում էր հաջողությամբ:

1806-1812 ԹԹ. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ և ՀԱՅԵՐԸ

XIX դ. սկզբին սրվեցին ռուս-թուրքական հարաբերությունները: Օսմանյան վտանգը չեզոքացնելու համար ռուսական արքունիքը գործողության մեջ դրեց Ռուսաստանին արդեն հարևան դարձած Ախալցխայի և Կարսի նահանգների նվաճման իր ծրագիրը:

Պարսկաստանի դեմ տարած հաղթանակներից ոգևորված ռուսները 1806թ. դեկտեմբերին մարտական գործողություններ են սկսում նաև Թուրքիայի դեմ: 1807 թ. հունիսին Ախուրյանի ափին՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ, ռուսական 7-հազարանոց զորքը հաղթանակ է տանում օսմանյան 20-հազարանոց զորախմբի նկատմամբ:

1810 թ. նոյեմբերի սկզբին տեղի հայերի ու վրացիների գործուն աջակցությամբ ռուսական զորքերն արագորեն գրավում են Ախալցխա փաշայության տարածքի զգալի մասը, սկայն Ախալցխան գրավել չի հաջողվում: Իսկ հաջորդ տարվա դեկտեմբերին ռուսները գրավում են անառիկ համարվող Ախալքալաքի բերդը, ապա նաև ամբողջ գավառը:

Կովկասյան և Բալկանյան ճակատներում ռուսների տարած հաղթանակները հանգեցնում են 1812 թ. մայիսի 16-ին Բուխարեստում հայ դիվանագետ Մանուկ բեյ Միրզայանի միջնորդությամբ հաշտության կնքմանը: Դանուբյան շրջանում ստանալով Բեսարարբիան՝ ռուսները Ախալքալաքի գավառը, Անապան ու Փոթին վերադարձնում են թուրքերին:

Այդ զիջումն արվում է առանց հաշվի առնելու հայ բնակչության շահերը: Նախապատվությունը եվրոպական խնդիրներին տալու, հայկական շահերն անտեսելու Ռուսաստանի այս գործելակերպը պահպանվում է նաև հետագա ռուս-թուրքական պատերազմների ժամանակ:

1828-1829 ԹԹ. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1820-ական թթ. շարունակվում էր Օսմանյան կայսրության տնտեսական ճգնաժամը, մեծ ծավալ էր ընդունել հույների ազատագրական պայքարը: Ռուսաստանի արտաքին-քաղաքական գլխավոր նպատակն էր տեր դառնալ սևծովյան նեղուցներին՝ Բոսֆորին ու Դարդանելին, ամրապնդել դիրքերը Բալկաններում և Արևմտյան Հայաստանում: Եվ 1828թ. ապրիլին նա երկու ճակատով պատերազմ է սկսում Օսմանյան կայսրության դեմ:

Եռօրյա համառ մարտերից հետո՝ 1828 թ. հունիսի 23-ին, ռուսները գրավում են Կարսը: Հուլիսի 23-ին ռուսական ուժերը պաշարում են Ախալքալաքի բերդը, անցնում վճռական գործողությունների և հաջորդ օրը գրավում այն: Օգոստոսի 15-ին Պասկևիչի զորքերը կարողանում են գրավել Ախալցխան:

Ռուսական զորքերը լուրջ հաջողությաուններ են ունենում նաև ճակատի ձախ թևում՝ Երևան — Բայազետ ուղղությամբ, որտեղ կռվում էր գեներալ Ա. Ճավճաձեի 2-հազարանոց զորաջոկատը: Ռուսներին միացել էր Երևանյան հեծյալ աշխարհազորը: Բայազետի հայ գյուղացիությունը, որը կազմում էր բնակչության ճնշող մեծամասնությունը, մեծ աջակցություն է ցուցաբերում ռուսական զորքին: Բայազետում կազմավորվում է նաև Մելիք-Մարտիրոսյանի 500-հոգանոց կամավորական ջոկատը:

Հաջորդ տարի շարունակվեցին ռազմական գործողությունները: Թուրքերը հակահարձակման անցան Բայազետի ուղղությամբ: Վանի փաշան հունիսին ներխուժեց Ալաշկերտի դաշտ՝ ճանապարհին թալանելով ու առևանգելով հայ գյուղացիներին: Թուրքերին հաջողվեց մտնել Բայազետ: Սակայն բերդի ռուսական կայազորը գեներալներ Պոպովի և Պանյուտինի գլխավորությամբ կազմակերպեց համառ դիմադրություն: Մարտերի ամենագործուն մասնակցությունն ունեցան բայազետցի հայ կամավորները:

1829թ. հունիսի 24-ին Ի. Պասկևիչի գլխավորած ռուսական հիմնական ուժերը գրավում են Վերին Բասենի վարչական կենտրոն Հասան կալան : Արշավանքին մասնակցող ռուս մեծ գրող Ա. Պուշկինի խոսքերով՝ այս բերդը դառնում է <<Արզրումի բանալին>>: Հունիսի 27-ին ռուսական բանակը առանց մարտի մտնում է Էրզրում:

Ռուսական զորքերը գրավում են նաև Օլթին, Խնուսը, Մուշը, Քղին, Դերջանը, Բաբերդը և այլ բնակավայրեր: Այսպես Արևմտյան Հայաստանի մի խոշոր հատված գրավվում է ռուսական զորքերի կողմից:

1829 թ. սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսում կնքվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիր: Ռուսական կայսրությանն են անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով, Ախալցխան ու Ախալքալաքը: Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս տարածքները վերադարձվում են թուրքերին: Թուրքական տիրապետությունից ազատագրվելու արևմտահայերի սպասելիքները կրկին չեն իրականանում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s