Սննդային թունավորում

Ամռան շրջանում ինֆեկցիայի հարուցիչները շատ լավ են բազմանում, ուստի այս շրջանում շատանում են նաև սննդային թունավորման դեպքերը, որի պատճառներից մեկը նաև սննդի սխալ պահպանումն է: Շոգից փչացող անորակ սնունդը պարունակում է էնտերոտոքսիններ՝ թույներ, որոնք էլ առաջացնում են թունավորում:

Հանդիպում են սննդային թունավորման հետևյալ տեսակները.

Բակտերիալ սննդային թունավորում. որովայնային խիթը, լուծը, փսխումը կարող են սկսվել անորակ սննդի օգտագործումից արդեն մեկ ժամ անց:

Վիրուսային սննդային թունավորում. փսխում, լուծ, ցավ` որովայնում, գլխացավեր, տենդ և սարսուռ. սկսվում են ախտահարված սննդի կիրառումից 12-48 ժամ անց:

Սննդով քիմիական թունավորում. փսխում, լուծ, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնագնդերի շրջանում ճնշման զգացողություն, գերթքարտադրություն, գիտակցության մթագնում, որովայնի շրջանում ցավն արտահայտվում է վարակված սննդի ընդունումից մոտավորապես 30 րոպե անց:

Բոտուլիզմ. խոսքի կամ տեսողության մասնակի կորուստ, մկանային թուլություն, կլման դժվարացում, բերանում` չորություն, մկանների կաթված՝ սկսած գլխից և դեպի ներքև` ամբողջ մարմնով, փսխում:

Սննդային թունավորումների նշաններն են սրտխառնոցը, փսխումը, որովայնում ցավի զգացումը, ջերմության բարձրացումը, իջնում է զարկերակային ճնշումը, հնարավոր է ուշաթափություն, երբեմն՝ մկանների ջղաձգում: Սննդամթերքում որքան շատ են հավաքված թույները, այնքան հիվանդի մոտ ավելի ուժեղ է սրտխառնոցը, փսխումն ու բարձր ջերմությունը, որոնք համարվում են օրգանիզմի պաշտպանիչ ազդակները:

Վարակի աղբյուր կարող է դառնալ այն միսը, որը մորթի ժամանակ կեղտոտվել է՝ սանիտարահիգիենիկ պայմանները չպահելու հետևանքով: Լինում է նաև, երբ սննդային թունավորում տեղի է ունենում լավորակ սննդամթերքից, եթե խախտվում են դրանց պահպանման նորմերը: Սուր թունավորումները հիմնականում կարող են առաջացնել դեղորայքը, ալկոհոլային խմիչքները, սունկը: Ամռանը վտանգավոր են նաև կրեմով թխվածքները և թթվասերով ու մայոնեզով համեմված աղցանները: Այս շրջանում մասնագետները խորհուրդ են տալիս նաև զերծ մնալ արագ սննդի կետերի մատուցած սննդից, քանի որ այնտեղ շատ հաճախ չեն պահպանվում սննդի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները:

Թունավորումներից խուսափելու համար առաջնահերթ պահպանեք մթերքի հիգիենայի և պահպանման կանոնները՝ չմոռանալով լավ լվանալ նաև միրգն ու բանջարեղենը:

Թունավորման կասկածներ ունենալու դեպքում անհրաժեշտ է պարզել թույնի բնույթը և օրգանիզմ ներթափանցելու ճանապարհը: Կատարվում է ստամոքսի լվացում 2-5 տոկոսանոց սոդայի կամ թույլ կալիումի պերմանգանատի՝ մարգանցովկայի լուծույթով: Օգտագործվում է 2-3 լիտր հեղուկ: Լվացում կատարվում է նաև փսխման միջոցով՝ վերը նշված լուծույթից 3-4 բաժակ խմեցնելով հիվանդին: Հիվանդի աղիքները թունավորում առաջացնող սննդից արագ մաքրելու համար անհրաժեշտ է տալ կարբոլեն՝ ածուխ և լուծողական՝ 25 գրամ լուծողական աղը բացել կես բաժակ ջրում: Հիվանդին արգելվում է 1-2 օրվա ընթացքում ուտել որևէ սնունդ: Ստամոքսի լվացումից հետո թույլատրվում է հիվանդին խմեցնել թեյ կամ սուրճ:

Թունավորման ժամանակ առաջին օգնությունը` մինչև բժշկի այցը

Առաջին օգնությունը, որը կարելի է ցուցաբերել,  տուժողին մեծ քանակությամբ խմելու ջուր տալն է և փսխման առաջացումը: Բացի այդ, պետք է խմել բավականին քանակությամբ սորբենտ, օրինակ, ակտիվացված ածուխ  (յուրաքանչյուր 10 կգ քաշի համար` մեկ հաբ): Եթե ինքնազգացողությունը չի բարելավվում, անպայման պետք է դիմել բժշկի, որովհետև հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են զարգանալ հետագայում:

Տուժողին, որպես հեղուկ, ցանկալի է տալ կալիումի պերմանգանատի թույլ լուծույթ կամ մաքուր, քիչ աղայնացված ջուր: Մարդը պետք է խմի լիտրից ոչ պակաս ջուր, որից հետո, լեզվարմատին մատով սեղմելով, պետք է փսխում առաջացնի: Այս գործողությունը պետք է կրկնել այնքան ժամանակ, մինչև ստամոքսի լվացման ջրերը լինեն առանց սննդի խառնուրդի: Ստամոքսի լվացումից հետո տուժողին կարելի է տալ ներծծող միջոց: Ադսորբենտներն իրենց մեջ ներծծում են թունավոր նյութերը և նպաստում օրգանիզմից դրանց դուրս բերմանը: Տուժողին կարելի է մաքրող հոգնա կատարել:

Սննդային թունավորման ժամանակ արյան մեջ ներծծված տոքսինները հեռացնելու նպատակով անհրաժեշտ է քիչ քանակներով և հաճախ հեղուկ ընդունել, հատկապես չգազավորված հանքային ջուր: Օրգանիզմի ծախսած էլեկտրոլիտների և ջրի հավասարակշռության վերականգնմանը կնպաստեն այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ռեհիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը, որոնք հնարավոր է ձեռք բերել դեղատանն` առանց դեղատոմսի:

Եթե իրականացված միջոցառումներն արդյունք չեն տվել, պետք է շտապօգնություն հրավիրել:

Սննդային թունավորման ժամանակ անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե.

  • առկա են բոտուլիզմի ախտանիշներ. խոսքի կամ տեսողության մասնակի կորուստ, մկանային թուլություն, կլման դժվարացում, բերանի չորություն, մկանների կաթված և փսխում,
  • առկա են սննդի քիմիական թունավորման ախտանիշներ. փսխում, լուծ, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնագնդերի շրջանում ճնշման զգացողություն, գերթքարտադրություն, գիտակցության մթագնում, ցավ` որովայնի շրջանում,
  • կա սնկային թունավորման կասկած,
  • փսխումը կամ լուծը լուրջ բնույթ է կրում և տևում է ավելի քան երկու օր,
  • տուժողը երեխա է, ծեր կամ թույլ իմունիտետով անձ:

Ինչպե՞ս սնվել թունավորումից հետո առաջին օրերը

Թունավորումից հետո տվյալ օրը ընդունվող սննդի քանակը պետք է նվազագույն լինի: Ցանկալի է թունավորումից հետո առաջին օրվա ընթացքում հրաժարվել սննդից: Այդ ընթացքում, ջրազրկումից խուսափելու համար, պետք է շատ հեղուկ օգտագործել: Դա կարող է լինել սովորական եռացրած ջուր, մասուրի եփուկ, կանաչ թեյ, հանքային ջուր, մեկ գդալ շաքարով ոչ թունդ թեյ, բրնձի եփուկ: Կարելի է քիչ քանակությամբ ուտել տանը պատրաստված չորահաց: Երեկոյան տուժողի վիճակը զգալի կթեթևանա: Կարելի է խմել ոչ յուղոտ հավի արգանակ կամ ուտել ջրով եփած հեղուկ շիլաներ (բրնձի, հնդկաձավարի, սպիտակաձավարի): Թույլատրվում է ուտել ոչ մեծ քանակությամբ կարտոֆիլի պյուրե՝ առանց կարագի և կաթի:

Բրինձն աղիներից ներծծում է ավելցուկային գազերը և տոքսինները: Այդ պատճառով թունավորման ժամանակ և դրանից հետո առաջին օրերի ընթացքում խորհուրդ է տրվում ուտել թույլ աղայնացված բրնձի շիլա:

Եթե անհանգստացնում է լուծը, ապա կարելի է տտպող հատկություններով եփուկներ խմել (մասուրի, հապալասի, սև հաղարջի, սրոհունդի եփուկ):

Թունավորումից հետո առաջին օրերին սնունդը պետք է պյուրեի կամ շիլայի կազմություն ունենա: Երկրորդ օրը կարելի է ուտել ոչ մեծ քանակությամբ հավի միս, գոլորշու վրա պատրաստված կոտլետներ, պասին բնորոշ թեթև ուտեստներ, որոնք չեն ծանրաբեռնի մարսողական համակարգի աշխատանքը:  Խորհուրդ է տրվում երեք օր հետևել սննդակարգին: Սնունդը պետք է ուտել միայն խաշած վիճակում: Խորհուրդ է տրվում ուտել հեղուկ շիլաներ, ոչ յուղոտ խաշած միս` մանրացված վիճակում, ոչ խիտ արգանակներ, խնձորի պյուրե, չրերի կոմպոտ: Պետք է ուտել ոչ մեծ չափաբաժիններով (մոտավորապես օրը 6 անգամ) և, ընդհանրապես, նվազեցնել ընդունվող սննդի ծավալը:

Երեք օր հետո կարելի է սննդակարգն ընդլայնել, սակայն դա պետք է անել աստիճանաբար: Սովորական սննդակարգին կարելի է անցնել, երբ տուժողն զգա, որ ստամոքսն այլևս գրգռված չէ: Սննդակարգին պետք է ուշադիր լինել հատկապես թունավորումից հետո երկու շաբաթների ընթացքում, քանի որ լիովին վերականգնման գործընթացը բավականին երկարատև է:

Խուսափեք շատ տաք կամ շատ սառը սննդից, այն պետք է լինի չափավոր տաք:

Եվ հիշե՛ք, չտարվեք ինքնաբուժմամբ՝ մոռանալով կանչել շտապօգնություն, քանի որ բուժօգնությունն ավելի շուտ կկազդուրի հիվանդին և հետագա բարդություններից զերծ կպահի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s