Բնություն֊հասարակություն փոխհարաբերության զարգացումը Հայաստանում

Մարդկության տեխնիկական առաջընթացն ուժեղացնում է բնության վրա հասարակության ազդեցությունը:  Ակնհայտ է դառնում, որ մարդկության հետագա զարգացման համար պետք է անցում կատարել բնության և մարդու միջև փոխհարաբերությունների ավելի արդյունավետ և ներդաշնակ ուղիների: Հասարակության զարգացմանը համընթաց և բնության հետ նրա փոխազդեցության արդյունքում ի հայտ է գալիս նոր, մարդածին որակապես այլ բնություն, որը կորցրել է իր սկզբնական բնական, «ինքնուրույն» կեցությունը: Մարդկությունն իր առաջացման հենց սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա և փոխել այն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածական կտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ: Իսկ, ինչպես հայտնի է, Հայկական լեռնաշխարհը մարդկային քաղաքակրթության ծագման օջախներից է: Մարդու արտադրական գործունեության մի շարք բնագավառներ Հայկական լեռնաշխարհում (որտեղ Ք.Ա. 12-6-րդ դդ. ձևավորվել է հայ ժողովուրդը` այսինքն այդ դարերից աշխարհագրական այս տարածքը օգտագործվել է մարդու կողմից) ունեն պատմական խոր արմատներ: Շրջակա բնական միջավայրին բնորոշ միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված բնական կայուն հավասարակշռությունը այդ դարերից սկսել է խախտվել: Դրա փոփոխությունն ՀՀ տարածքում ավելի լավ պատկերացնելու համար, այն դիտարկենք հասարակություն-բնություն փոխհարաբերության (բնօգտագործման) ժամանակային զարգացման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ առանձնացվում է բնօգտագործման հետևյալ հիմնական փուլերը` նախնադարյան, ստրկատիրական, միջնադարի ֆեոդալական, կապիտալիստական փոխհարաբերությունների փուլեր:

Հայկական լեռնաշխարհի այդ թվում և ներկայիս ՀՀ տարածքում նախնադարյան բնօգտագործումը դրսևորվել է հիմնականում յուրացնող տնտեսության (հավաքչություն, ձկնորսություն, որսորդություն) տեսքով: Շրջակա բնական միջավայրի վրա մարդկանց ազդեցության վաղ փուլերի մասին տեղեկությունները քիչ են: Այս ժամանակաշրջանին բնորոշ էր բնօգտագործման պարզունակ տիպը` վերցնել բնությունից այն, ինչը նա քեզ թույլ  է տալիս: Մարդը կատարելապես ենթարկվում էր բնությանը: Բնական միջավայրի հավասարակշռությունը չէր խախտվում: Մարդ-բնություն փոխհարաբերության խնդիրներից էր մարդու հարմարվելը բնությանը` մարդը բնության ենթական էր և առաջնորդվում էր նրա թելադրանքով:

Ք.Ա. երկրորդ հազարամյակում արդեն երկրագործությունը (հացահատիկների մշակություն և այգեգործություն) դառնում է Հայկական լեռնաշխարհի բնակիչների գլխավոր զբաղմունքներից մեկը, հիմնվում են գյուղական տիպի առաջին մշտական բնակավայրերը, բրոնզից բացի սկսում են զբաղվել նաև երկաթի ձուլմամբ: Առաջին հազարամյակի սկզբներին գյուղատնտեսության մեջ տարածում է գտնում արհեստական ոռոգումը, առևտրական ճանապարհների վրա գտնվող գյուղական համայնքի և ռազմական բերդերի հիման վրա գոյանում են քաղաքները, ավելի է զարգանում արհեստագործությունը: Այս բոլորը վկայում են արտադրողական ուժերի զարգացման նոր մակարդակի, աշխատանքի հասարակական բաժանման հետագա խորացման մասին և նպաստում են ստրկատիրական հայկական կենտրոնացված պետության հզորացմանը: Այսինքն, ստրկատիրական հասարակության կամ արդեն արտադրող տնտեսության փուլում, հասարակություն-բնություն փոխհարաբերությունը Հայակական լեռնաշխարհի տարածքում ներկայանում էր գլխավորապես բնօգտագործման նյութական միայն մեկ ոլորտով` գյուղատնտեսությամբ, որն իր պարզունակ լինելու պատճառով գրեթե չէր խախտում  բնական միջավայրի հավասարակշիռ վիճակը: Այս ոլորոտում զարգանում է նաև տարածքի ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման տեսակները:

Մեր թվարկության առաջին դարերում
 տիրապետող 
են դառնում ֆեոդալական արտադրահարաբերությունները: Նյութական արտադրության մեջ որակական նոր տեղաշարժեր են նկատվում մեր թվարկության առաջին հազարամյակի վերջին և երկրորդ հազարամյակի սկզբին: Այս ժամանակ տարածում է ստանում հողերի մշակման եռադաշտային համակարգը, փայտե արորի կողքին հանդես է գալիս գութանը, ընդարձակվում են հացահատիկի և բամբակի ցանքատարածությունները, այգիները, կառուցվում են նոր ոռոգիչ ջրանցքներ: Ընդլայնվում է լեռնային գործը, արդյունահանվում և վերամշակվում են պղինձ (Սյունիք, Տաշիր-Ձորագետ), կապար (Սյունիք): Ֆեոդալական դարաշրջանի վերջին հատվածներում, սկսած 11-րդ դարից Հայաստանի համար սկսվեց ողբերգական դարաշրջան` պետականության կորուստը, օտարերկրյա զավթիչների կողմից բազմիցս կրկնվող ասպատակությունները ոչ միայն արգելակեցին Հայաստանի զարգացումը, այլև հետ շպրտեցին իր նվաճած սոցիալ-տնտեսական դիրքերից: Երկրի արտադրական ուժերը խորն անկում ապրեցին: Այս փուլում դեռևս բնօգտագործման գերակշռող տիպը շարունակում էր մնալ գյուղատնտեսությունը, սակայն որակական փոփոխություն տեղի ունեցավ` անցում կատարվեց բնական ռեսուրսների միանպատակ օգտագործումից բազմանպատակ օգտագործմանը: ՀՀ տարածքում առկա քաղաքական դրության պատճառով բնության վրա ազդեցությունը նվազեց: Բնօգտագործման տեսակները փոքրացրեցին իրենց ծավալները:

Հայաստանի համար, հատկապես տնտեսության ու բնօգտագործման ոլորտներում նոր դարագլուխ սկսվեց 19-րդ դարում, երբ արտադրատնտեսական հարաբերություններում խորացավ կապիտալիստական ձևը և Հայաստանի մեծ մասը միացավ Ռուսաստանին: Մեծ արագությամբ սկսեց զարգանալ պղնձաձուլությունը: Վերջինս նկատելիորեն զարգացավ Հայաստանի հյուսիսում: Պղնձի արդյունահանում և ձուլում վերսկսվեց Զանգեզուրում: Ընդ որում հյուսիսային լեռնահանքային շրջանում առանձին հանքեր ձուլարաններ անընդմեջ գործում էին դեռևս 18-րդ դարից (Ախթալայի արծաթաարճճային հանքերը 1763 թ.-ից, Ալավերդու պղնձահանքերը` 1770թ.): 1846-1867 թթ. մեկը մյուսի հետևից հիմնվեցին 11 նոր պղնձաձուլարաններ, որոնցից 7-ը Զանգեզուրում: Մինչև 19-րդ դարի վերջը Հայաստանում տարբեր տևողությամբ գործել են 18 պղնձաձուլարաններ:

Պղնձարդյունաբերության զարգացման նոր փուլ  սկսվեց 19-րդ դարի 90-ական թվականներից: Պղնձարդյունաբերությունն առաջին համաշխարհային տարիներին ամբողջությամբ անցավ ֆրանսիացիների ձեռքը: 20-րդ դարի սկզբին Ալավերդիում կառուցվեց հզոր պղնձաձուլարան «Մանես» գործարանը, որին կից 1912 թ. ստեղծվեց պղնձի էլեկտրոլիզի արտադրություն, որն օգտագործում էր նաև Զանգեզուրի գործարանների սև պղինձը, իսկ 1916 թ. պղնձի էլեկտրազտումից ստացվող շլամից սկսեցին կորզել ոսկի և արծաթ: 1891-1913 թթ. պղնձի արտարդությունը ավելացավ 13 անգամ: Միաժամանակ տեղի ունեցավ արտադրության համակենտրոնացում: Այդ ժամանակ պղնձաձուլարաների թիվը 18-ից իջավ 6-ի: Դրանցից 4-ը կազմում էին Ալավերդու խումբը` տալով Հայաստանում արտադրվող պղնձի 2/3-ը: Իսկ 1/3-ը բաժին էր ընկնում Զանգեզուրին, որտեղ գործում էին երկու պղնձաձուլարաններ:Նախախորհդրային տարիներին Հայաստանի արդյուանբերական համախառն արտադրանքի շուրջ 58,6%-ը տալիս էր պղնձաձուլությունը, որը համեմատած արդյունաբերության մյուս ճյուղերի հետ, հանդիսանում է շրջակա բնական միջավայարի վրա ամենաբացասական ազդեցություն ունեցող բնօգտագործման տեսակներից մեկը: Ընդ որում, այդ առումով խոցելի էին համարվում Հայաստանի երկու գոտիները` հյուսիսում Ալավերդիի շրջան` Դեբեդ գետի միջին հոսանքի սահմաններում (ՀՀ տարածքում) և Կապանի շրջանը` հարավում:

Կապիտալիզմի զարգացման հետ մեկտեղ սկսում էին ձևավորվել առանձին տարածաշրաջանային կենտրոններ, որոնց տնտեսական գործունեության մեջ արդեն նկատելի տեղ էին գրավում արդյունաբերական գործառույթները: Այդպիսիք 8-ն էին` Ալավերդին, որը 1913 թ. տալիս էր երկրի արդյունաբերական համախառն արտադրանքի 36,4 %-ը, Երևանը` 34,8 %-ը, Կապանը` 22,2 %-ը, Դիլիջանը` 2 %-ը, Արտաշատը` 2 %-ը, Գյումրին` 1,6 %-ը, Գավառը` մոտ 0,5 %-ը և Մեղրին` մոտ 0,5 %-ը: Ըստ էության էլ այս տարածքները համարվում էին ծանրաբեռնված տարածքներ, սակայն համեմատական առումով այդպիսի գերծանրաբեռնված էին համարվում Ալավերդին և Կապանը, քանի որ այստեղ էր գտնվում Հայաստանի պղնձաձուլության խոշորագույն կենտրոնները: 20-րդ դարի երկրոդ տասնամյակի կեսերին Հայաստանում առաջին քայլերն արվեցին շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող մյուս ճյուղի զարգացման համար: 1913 թ. Հայաստանում գործում էին 13 մանր էլեկտրակայաններ` 9-ը ջրային, 4-ը ջերմային (աշխատում էին նավթով): Դրանք կառուցված էին առանձին արդյունաբերական ձեռնարկություններին կից, աշխատում էին իրարից մեկուսացված: Յուրաքանչյուրը էլեկտրաէներգիա էր մատակարարում միայն իր ձեռնարկությանը և լավագույն դեպքում իրեն հարող մի քանի տների ու փողոցների: Չնայած էլեկտրակայանների կառուցման ուղղությամբ ձեռք բերված որոշ հաջողություններին, երկրի վառելիքա-էներգետիկ տնտեսությունը հիմնվում էր գլխավորապես վառելափայտի և աթարի վրա: Այսինքն վառելիքաէներգետիկ տնտեսության շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը դրսևորվում էր անտառահատումների տեսքով, իսկ աղտոտման առումով դրանց ազդեցությունները չնչին էին, քանի որ ունեին թույլ հզորություն` 3156 կվտ գումարային հզորություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s