Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունն է:Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի ճառագայթների նկատմամբ:
Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են մթնոլորտի վիճակը: Երկրագնդի յուրաքանչյուր վայրում եղանակային փոփոխությունները յուրահատուկ են և գրեթե նույն ձևով կրկնվում են: Օրինակ՝ Երևանում ամեն տարի ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, գարունը՝ խոնավ ու մեղմ, ամառը՝ շոգ ու չոր, իսկ աշունը` արեվոտ ու չափավոր տաք: Դա կրկնվում է ամեն տարի:
Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը, մարդու տնտեսական գործունեությունը և այլն:
Երկրագնդի գնդաձևության հետ կապված` աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունը տարբեր է, որով և պայմանավորված է ստացվող ջերմության քանակը:
Աշխարհագրական ցածր լայնություններում տարվա ընթացքում Արեգակի ճառագայթները Երկրի մակերեվույթի հետ կազմում են մեծ անկյուն, որի շնորհիվ ստացվում է մեծ քանակությամբ ջերմություն, իսկ բարձր լայնություններում անկման անկյունը փոքր է, ստացվող ջերմությունը՝ քիչ:
Արեգակից ստացվող ջերմության անհավասար բաշխվածությունը պայմանավորել է ջերմային գոտիների առաջացումը. առանձնացնում են երկրագնդի ջերմային 5 գոտի՝ 1 տաք, 2 բարեխառն, 2 ցուրտ: Ամենից շատ ջերմություն ստանում է այն գոտին, որը տարածվում է հասարակածի 2 կողմերում:
Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1000 մ-ի վրա 5–6օC-ով նվազում է, իսկ մթնոլորտային տեղումների քանակը մինչև որոշակի բարձրություն՝ ավելանում: Փոխվում են նաև օդի ճնշումը, ամպամածությունը: Այդ է պատճառը, որ տարբեր բարձրությունների վրա գտնվող վայրերն ունեն տարբեր կլիմաներ, իսկ լեռնային շրջաններում առաջանում են կլիմայի վերընթաց գոտիներ:Կլիմայի վերընթաց գոտիականությունը ցայտուն արտահայտված է նաև ՀՀ-ում:Լեռնային երկրներում, տեղանքի բարձրությունից բացի, կլիմայի ձևավորման վրա մեծ է լեռնալանջերի դիրքադրության ազդեցությունը: Արևահայաց լանջերն ավելի ուժեղ են տաքանում, գոլորշիացումն ինտենսիվ է, և ավելի տաք ու չոր են, քան հյուսիսահայաց ստվերոտ լանջերը:
Կլիմայի վրա ազդեցություն են գործում նաև գերիշխող քամիները: Այդ կապը ակնառու է պասսատների և մուսսոնների օրինակով. ամառային մուսսոններն առաջացնում են ամպամածություն և առատ տեղումներ, իսկ ձմեռային մուսսոնները՝ չոր, սառնամանիքային եղանակ:
Ինչո՞ւ է փոխվել երկրագնդի կլիման, որո՞նք են դրա պատճառները:
Կլիմայի փոփոխության բազմաթիվ բնական պատճառներ կան: Ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվել է Երկրի առանցքի թեքությունը , որի հետևանքով զգալի փոփոխություն է կրել Երկիր հասնող արեգակնային էներգիայի քանակը, հետևապես` կլիման:
Կլիմայի փոփոխության վրա նշանակալի ազդեցություն ունեն հրաբխային ժայթքումները, երբ մթնոլորտ արտանետված փոշու ամպերը հասնում են վերնոլորտ և պահպանվում՝ նվազեցնելով Արեգակից Երկիր հասնող ջերմության քանակը:
Կլիմայի ձևավորման վրա բնական գործոնների հետ միասին զգալի է մարդու ազդեցությունը. նրա տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է մթնոլորտի գազային կազմը՝ ավելանում է ածխաթթու գազի քանակը, և ուժեղանում մթնոլորտի ջերմոցային էֆեկտը: Արդյունքում բարձրանում է օդի ջերմաստիճանը: Գիտնականների հաշվարկներով XXI դարում երկրագնդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1–3,5օ-ով:
Հայտնի է, որ մթնոլորտում (25–30 կմ բարձրություններում) գոյություն ունի օզոնային շերտ, որը մոլորակի օրգանական աշխարհը պաշտպանում է Արեգակից եկող անդրամանուշակագույն վնասակար ճառագայթներից:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետվող քլորաֆտորային (ֆրեոնային) ածխաջրածնական գազերը քայքայում են օզոնային շերտը, որը նպաստում է կլիմայի տաքացմանը և բացասական ազդեցություն թողնում օրգանական աշխարհի վրա:
Կլիմայի տաքացումն աշխարհագրական թաղանթում այժմ արդեն առաջացրել է մի շարք փոփոխություններ. մեծացել է երաշտների և անապատացման հավանականությունը, դանդաղորեն սկսվել են հալվել բևեռային ու լեռնային շրջանների սառցադաշտերը: