Հեռավար-առցանց ուսուցում: Հայոց պատմություն: Մայիսի 18-22

ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՄՔԵՐ

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐ

Հայոց ամենաերիտասարդ արքան

Պապը մեր պատմության ամենաերիտասարդ, սակայն նաև ամենաինքնատիպ միապետներից է: Նա նաև թագավոր հռչակվեց ընդամենը տասնվեց տարեկան հասակում, ընդ որում, սակավաթիվ այդ տարիների կեսը նա անց էր կացրել պատերազմների ականատես կամ մասնակից լինելով…

363թ. մղվում էր հերթական պարսկա-հռոմեական պատերազմը: Հայոց արքա Արշակ Բ-ն դաշնակցում էր Հռոմի Հուլիանոս կայսեր հետ: Վերջինս զգալի հաջողությունների էր հասել, ունեցել տարածքային նվաճումներ: Սակայն ճակատագիրը ծանր անակնկալ էր պատրաստել և՛ Հռոմի, և՛ նրա դաշնակից Մեծ Հայքի համար: Հուլիանոս կայսրը զոհվեց 363թ. հունիսի 26-ին, իսկ նրան հաջորդած Հովիանոս կայսրը Շապուհ Բ-ի հետ կնքեց խայտառակ մի պայմանագիր, որով ոչ միայն վերադարձրեց Հուլիանոս կայսեր նվաճած տարածքները, այլև պարտավորվեց չաջակցել դաշնակից Մեծ Հայքին: Այդ պայմանագիրը հենց հռոմեական պատմագրության մեջ ստացավ <<ամոթալի>> որակումը:

Դրան հաջորդեց Մեծ Հայքի դեմ Շապուհ Բ-ի քառամյա պատերազմը, որի ժամանակ պարսիկներ կողմ անցան Արշակ Բ-ից դժգոհ նախարարները (նրանց գլուխ կանգնած էին Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը): Պատերազմն ավարտվեց Արշակ Բ-ի ր սպարապետ Վասակ Մամիկոնյանի կալանավորմամբ և սպանությամբ:

ՊԱՊԻ ԳԱՀԱԿԱԼՈՒՄԸ

Արշակ Բ-ի ձերբակալումից հետո Շապուհ Բ-ն նոր զորք ուղարկեց Հայաստան: Փառանձեմ թագուհին և թագաժառանգ Պապն ամրացան Արտագերս ամրոցում: Հայերին հաջողվում է պարտության մատնել պարսկական բանակը և դուրս շպրտել երկրից: Օգտվելով պատեհ հարավորությունից՝ Փառանձեմ թագուհին Պապին ուղարկում է Հռոմի Վաղես կայսեր մոտ՝ խնդրելով նրան օգնել և Պապին ճանաչել Մեծ Հայքի արքա:

Կաշկանդված լինելով Եվրոպայում մղվող պատերազմական գործողություններով՝ Վաղես կայսրը չկարողացավ անմիջապես զորք ուղարկել օգության: Մինչդեռ Շապուհն անմիջապես հզոր մի բանակ մտցրեց Հայաստան: Արտագերսում փակված Հայոց թագուհուն և նրան հավատարիմ ուժերին տխուր ճակատագիր էր վիճակված. ամրոցում համաճարակ սկսվեց, որը ոչնչացրեց հերոսական պաշտպանության մասնակիցներին: Պարսիկները գրավեցին ամրոցը և գերի վերցնելով Փառանձեմ թագուհուն՝ մահապատժի ենթարկեցին: Դրան հետևեց Մեծ Հայքի թագավորության խոշոր քաղաքների՝ Արտաշատի, Վաղարշապատի, Երվանդաշատի, Վանի, Նախճավանի, Զարեհավանի, Զարիշատի և այլ բնակավայրերի ավերումը, որոնց հարյուր հազարավոր բնակիչները գերովարվեցին Պարսկաստան:

Տակավին պատանի արքայազն Պապը կանգնած էր դժվարագույն խնդրի լուծման առջև: Վաղես կայսրը չէր կարողանում օգնական ուժեր տրամադրել, մինչդեռ պարսիկներն ամայացնում էին Հայոց աշխարհը: Հենց այստեղ էլ առաջին անգամ դրսևորվեց Պապի ինքնատիպ, նաև անսպասելի լուծումների հանգող մտածողությունը: Նա փորձում է բանակցել հենց ոխերիմ թշնամու՝ Շապուհ Բ-ի հետ: Թե ինչ էր նախատեսում նա, այսօր դժվար է գուշակելը: Սակայն դրա կարիքը չեղավ. եվրոպական ճակատում կայունություն հաստատելուց հետո Վաղես կայսրը 370թ. օգնական զորքեր ուղարկեց Հայաստան, որոնք Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի (որը Վասակ Մամիկոնյանի որդին էր) հայկական զորամասերի հետ տոնեցին մի շարք հաղթանակներ: Պայքարի գագաթնակետը դարձավ 371թ. Նպատ լեռան մոտ գտնվող Ձիրավի դաշտում մղված ճակատամարտը, որում հայ-հռոմեական միացյալ բանակը ջախջախիչ պարտության մատնեց պարսկական զորքին: Շապուհ Բ-ն ստիպված էր ճանաչել Պապի թագավորական իշխանությունը, ինչը դեռևս նախորդ տարում կատարել էր Վաղեց կայսրը:

ԵՐԿՐԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ

Պատերազմական ժամանակաշրջանում որոշ կենտրոնախույս ուժեր բաց չէին թողել Մեծ Հայքի կենտրոնական իշխանությունից անկախանալու առիթը: Ուստի Պապ թագավորի առաջին գործը եղավ թագավորության տարածքայն ամբողջականության վերականգնումը: Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայոց պետության բանակը կարճ ժամանակում ճնշեց կոնտրոնախույս միտումները և վերականգնեց Մեծ Հայքի մինչպատերազմյան սահմանները:

Մասնավորապես, վերամիավորվեցին Ատրպատականում և Մարաց աշխարհում Հայոց արքայի ունեցած տիրույթները, Պարսկահայքը (Նոշիրականը), Կորճայքը, Արցախը, Փայտկարանը, Աղձնիքը, Մեծ Ծոփքը, Անգեղ Տունը և այլ շրջաններ: Վրաց և Աղվանից թագավորությունները, որոնք, օգտվելով խառնակ իրադրությունից, ոտնձգություններ էին կատարել հայկական հողերի նկատմամբ, հպատակեցվեցին և հարկատու դարձան. նրանցից պատանդներ վերցվեցին:

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ <<Ապա Մուշեղ սպարապետը գնում է Վրաց աշխարհի վրա. նրան սաստիկ նեղում, ջարդում է… Գուգարաց բդեշխին, որ առաջ ծառայում էր Հայոց թագավորին և վերջը ապստամբել էր, բռնելով գլխատեց ու նրա ցեղի արուները կոտորեց, իսկ կանանց ու աղջինկներին գերի վերցրեց.., Եվ գրավելով մինչև հին սահմանը, որ առաջուց գոյություն ուներ Հայաստանի ու Վրաստանի միջև, այսինքն ՝ Կուր գետը, այնտեղից ետ է դառնում>>: Փավստոս Բուզանդ, <<Հայոց պատմություն>>

ՊԱՊԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Անհրաժեշտ էր լուրջ քայլեր ձեռնարկել պատերազմներից ավերված և թուլացած երկրի ներիքն կյանքի բնականոն ընթացքը վերականգնելու ուղղությամբ: Պետք էր հայթայթել մեծ միջոցներ երկիրը ոտքի կանգնեցնելու համար: Երկաթյա կամքից ու մեծ ջանասիրությունից բացի այստեղ պետք էր ցուցաբերել առավելագույն նրբանկատություն, մանավանդ նախարարական տների նկատմամբ, որոնց հետ արքայական իշխանության հարաբերությունները խիստ լարվել էին Արշակ Բ-ի օրոք: Նախարական տները, միաժամանակ, երկրի տերերի խավն էին կազմում, ուստի անհեռատեսություն կլիներ երկրի վերաշինությունն իրագործել նախարարական դասի հաշվին: Եվ այստեղ երիտասարդ արքան կրկին գնաց անսպասելի լուծման, որն ուղղվեց երկրում մեծ կալվածքներ ու հարստություն կուտակած հոգևոր դասի դեմ:

Արքայի հատուկ հրովարտակով երկրի բնակչությունն ազատվեց եկամտի 1/10-ը կազմող <<տասանորդ>> կոչվող հարկից, որը վճարում էր եկեղեցուն: Դա դեռ ամբողջը չէր: Քրիստոնեության պետականացման սկզբնական շրջանում Տրդատ Գ Մեծը հոգևորականությանը շնորհել էր տիրույթներ, ինչի շնորհիվ եկեղեցին դարձել էր թագավորից հետո առաջին ուժը պետության մեջ, երբեմն՝ արքային ընդդիմադիր կեցվածքով: Այդ խնդիրը սկսել էր անհանգստացնել արդեն Տիրանի և Արշակ Բ-ի օրոք, երբ տեղի ունեցան արքայի ու կաթողիկոսի մի քանի բախումներ: Պապն այս հարցում արմատական և համակարգային լուծման գնաց. ամեն 7 բաժին հողից 5-ն առգրավվեց հարքունիս և բաժանվեց զինվորականներին:

Երկրի բնակչության թիվը կրճատվել էր երկարատև պատերազմների արդյունքում, ծնելիությունը ցածր է, ուստի արքան կատարեց մի քայլ ևս, որն ավելի բորոքեց հոգևորականների զայրույթը: Փակվեցին կուսակրոն հաստատությունները: Կրճատվեց հոգևորականների թիվը. նախկին հոգևորականները և նրանց ազգականները ծառայության անցան բանակում, ինչի շնորհիվ կարճ ժամանակահատվածում հայոց գործող բանակի թիվը հասավ 90 հազարի:

Պապի գործունեությունն առաջ բերեց հոգևոր դասի թշնամանքն ու ատելությունը: Նրան կեղծ մեղադրեցին անգամ կաթողիկոս Ներսես Մեծին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու մեջ, մինչդեռ նա բացառիկ սեր ու հեղինակություն էր վայելում երկրում, ինչի մասին վկայում է հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելիանոսը:

Հետաքրքիր է, որ երիտասարդ արքան կատարեց մի քայլ ևս, որը կարելի է համարել նրա կողմից Տրդատ Գ Մեծի սխալի սրբագրման փորձ: Նա, պահպանելով քրիստոնեության՝ պետական կրոնի կարգավիչակը, երկրում վերականգնեց խղճի ազատությունը: Եվ ամեն ոք ստացավ դավանանքի ազատություն. հայոց նախաքրիստոնեական հավատամքի հետևորդները կրկին կանգնեցրեցին հայոց հին աստվածների արձանները…

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հայոց եկեղեցու հովվապետին էին պատկանում ոչ միայն երկրի գերագույն հոգևոր իշխանությունը, այլև կրթական ողջ համակարգը և Մեծ Դատավորրի իրավասությունները: Այլ կերպ ասած՝ կաթողիկոսը երկրի հոգևոր, կրթական և դատական համակարգերի գերագույն ղեկավարն էր, ինչը, փաստորեն, կաթողիկոսին դարձնում էր թագավորից հետո առաջին դեմքը երկրում: Սակայն այդքան պատասխանատու պաշտոնում ընտրվողը, սկսած Գրիգոր Լուսավորչից, կարող էր պաշտոավարել միայն Հռոմեական կայսրությունում գտնվող Կեսարիայի միտրոպոլիտությունում ձեռնադրվելուց հետո: Դա մեծ հնարավորություն էր տալիս Հայաստանի ներքին գործերին օտար ուժերի միջամտության համար, ինչը չէր կարող չանհանգստացնել հայոց արքաներին: Հայոց եկեղեցին Հռոմեական կայսրությունից անկախացնելու մի անհաջող փորձ էր կատարվել Արշակ Բ-ի ժամանակ: Խնդիրը լուծելուն ձեռնամուխ է լինում երիտասարդ արքա Պապը:

Նախ նա կեսարիա է ուղարկում Հայոց կաթողիկոսի իր թեկնածուին, որը ձեռնադրվելու փոխարեն արժանանում է խիստ բացասական վերաբերմունքի: Կեսարիայի թեկնածուն միանգամայն անընդունելի էր Հայաստանի համար: Պապ թագավորը հիանալի օգտագործեց Հռոմեական կայսրության արևելքում Կեսարիայի և Տիանայի մետրոպոլիտությունների հակասությունները՝ խաղարկելով յուրօրինակ բազմաքայլ շախմատային գործողություն: Նա իր թեկնածուին հանձնարարեց գնալ Տիանա, որի մետրոպոիտը սիրով ձեռնադրեց նրան: Խնդրի սրումը մեծ աղմուկ բարձրացրեց ժամանակի քրիստոնյա աշխարհում: Ի վերջո՝ Պապը հայտարարեց, որ անընդունելի են և՛ Տիանայում ձեռնադրված իր թեկնածուն, և՛ Կեսարիայի առաջարկածը: Փոխարենը հայոց եպիսկոպոսները Մեծ հայքում կաթողիկոս ձեռնադրեցին Հուսիկ Աղբիանոսյան եպիսկոպոսին, որը չգնաց Կեսարիա:

Այդ ժամանակվանից ի վեր հայոց կաթողիկոսներն ընտրվում և ձեռնադրվում են Հայաստանում: Պապ թագավորի շնորհիվ Հայոց եկեղեցին ձեռք բերեց անկախությւոն և բռնեց ազգային հոգևոր հաստատություն դառնալու ճանապարհը, որը լիովին իրականություն դարձավ Մեսրոպ Մաշտոցի հանճարեղ գործունեության շնորհիվ:

ԱՌԱՋԻՆ ՄԱՀԱՓՈՐՁԸ

Պապ թագավորի ընդգծված ազգային քաղաքականության նպատակը Հայոց թագավորության նախկին հզորության վերականգնումն էր: Նա փորձեց նաև վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Պարսկաստանի հետ՝ տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու հեռանկարով: Դա չէր կարող ճանհանգստացնել հռոմեական արքունիքին:

Վաղես կայսրը, գաղտնի ծրագրելով նրան գահընկեց անել, Հայոց արքային բանակցությունների հրավիրեց Տարսոն: Բարեախտաբար, Պապ թագավորը հռոմեական բանակում ծառայող հայ զինվորականներից տեղեկացավ ծրագրվող դավադրության մասին և կարողացավ 300 թիկնապահներով դուրս պրծնել ծուղակից ու վերադառնալ Հայաստան: Ամիանոս Մարկելիանոսի վկայությամբ՝ ծրագրված դավադրության մասին լուրն արդեն հասել էր Հայաստան, և ժողովորդը ցնծությամբ դիմավորեց անվնաս վերադարձած երիտասարդ ու սիրելի թագավորին: Կայսրը ներողություն խնդրեց <<թյուրիմացության>> համար, Պապն էլ դիվանագիտորեն ձևացրեց, թե ոչինչ չի պատահել:

Դրանով, սակայն, խնդիրը չփակվեց: Հայոց երիտասարդ արքան, իրեն զգալով բավականաչափ զորեղ, ուղղակիորեն պահանջեց Վաղես կայսրից զիջել բոլոր այն տարածքները, որոնք ժամանակին պատկանել են Հայոց թագավորությանը: Դրանք ներառում էին ողջ Մեծ Հայքը՝ Հայոց Միջագետք նահանգով, Փոքր Հայքը, նաև Կապադովկիան: Այդ մասին Փավստոս Բուզանդը գրում է.

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ …<<Հետո պատգամավորներ էր ուղարկում Հունաց թագավորի մոտ, թե Կեսարիայի հետ ուրիշ տասը քաղաքները մերն են եղել, ետ տուր. Ուռհա քաղաքն էլ մեր նախնիք են շինել, ուստի եթե չես ուզում, որ խռովություն ձագի, ետ տուր, հակառակ դեպքում մեծ պատերազմով կպատերազմենք>>: Փավստոս Բուզանդ, <<Հայոց պատմություն>>

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐՔԱՅԻ ԴԱՎԱԴՐԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պապ թագավորն իշխանության եկավ հռոմեական զորքերի օգնությամբ, սակայն փայլուն հասկանում էր, որ Հռոմեական կայսրության համար Հայաստանը ցանկալի է միայն իբրև իրենց շահերի ոլորտում գտնվող արբանյակ մի երկիր: Դա անհամատեղելի էր Հայոց թագավորության նախկին փառքն ու հզորությունը վերկանգնելու երիտասարդ ու եռանդուն արքայի ծրագրերի հետ:

Հռոմեական արքունիքում արդեն իսկ անհանգստություն էին առաջացրել հայոց կաթողիկոսի՝ Հայաստանում ձեռնադրվելը, հայկական մեծաթիվ բանակի կազմակերպումը, որոնց այժմ գումարվեցին հայ-պարսկական հարաբերությունների վերականգնմանն ու հակահայկական մեծ թագավորության ստեղծմանն ուղղված միտումները: Անհանգստացած Վաղես կայսրը հանձնարարեց սպանել հայոց թագավորին: Այս անգամ նրանք օգտագործեցին անձնական բարեկամության գաղափարին նրա անկեղծ նվիրումը: Այդ հանձնարարությւոնը ստացավ Տերենտիոս զորավարը, որը Հայաստանում գտվող հռոմեական դաշնակից զորքի հրամանատարն էր և ուներ Պապի հետ անձնական մտերմություն. նա ժամանակին մասնակցել էր Ձիրավի և այլ ճակատամարտերին: 374թ. խաբեությամբ Պապը եկավ՝ չկասկածելով Տերենտիոսի բարեկամությանը: Սակայն դա եղավ ճակատագրական այցելություն, լավ նախապատրաստված դավադրության արդյունքում արքան սպանվեց հռոմեացիների կողմից…

Մեծ Հայքը կորցրեց իր երիտասարդ տաղանդավոր արքային: Նրա մահվանից 13 տարի հետո Մեծ Հայքը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև, իսկ 428թ. անկում ապրեց Արշակունյաց դինաստիան Հայաստանում:

Պապը մեր պատմության մեջ մնաց որպես արքաներից ամենաերիտասարդը: Թերևս՝ նաև ամենաինքնատիպը: Եվ չնայած իր կարճ գահակալությանը՝ նա հիմք դրեց Հայոց եկեղեցու անկախացմանը և կատարեց բազում գործեր, որոնք, Պատմահոր խոսքերով ասած, <<արժանի են գրչով հիշատակության>>…

Աղբյուրներ — Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1981: Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե., 1987: Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հ. 1, Ե., 1981:

Գրականություն — Չամչյանց Մ., Հյոց պատմություն, հ. Ա, Վենետիկ, 1784 (Ե., 1985): Հարությունյան Հ.Ա., Հայաստանը Արշակունիների ժամանակ, Ե., 1945: Հրանդ Ք. Արմեն, Պապ Արշակունի, Երուսաղեմ, 1958: Մանանդյան Հ., Երկեր, հատոր Բ, Ե., 1978: Հայ ժողովրդի պատմություն (ԳԱ հրատ.), հ. II, Ե., 1984: Հարությունյան Բ., Հայոց արքունիքի դերը հայոց եկեղեցու անկախացման գործում, տե՛ս <<Հայոց եկեղեցի և պետություն>> (միջազգային գիտաժողովի նյութեր), Ե., 2000:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s